Երաժիշտ Արտակ Ասատրյան՝ դուդուկը լուրջ զարգացման շրջան է ապրում


Երաժիշտ Արտակ Ասատրյան՝ դուդուկը լուրջ զարգացման շրջան է ապրում

  • 07-12-2020 10:30:00   | Հայաստան  |  Մշակույթ



Համավարակն ամբողջ աշխարհում տարբեր ոլորտի մարդկանց ստիպեց  անցում կատարել հեռավար ուսուցման, համացանցային համերգների և համագործակցության։ Երաժիշտ, դուդուկահար Արտակ Ասատրյանը խոսել է իրենց ոլորտի խնդիրների, դուդուկի  նոր մարտահրավերների և հնարավորությունների մասին։  Արտակ Ասատրյանն աշխատում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան և Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջներում որպես դասախոս,  հնագույն երաժշտության « Տաղարան» համույթում որպես դուդուկահար, համագործակցում է Երևանի պետական կամերային երգչախմբի հետ և ղեկավարում է «Ծիրանի» անսամբլը։
 
    «Համավարակը բոլոր վայրերում խափանեց  դասավանդման բնականոն գործընթացը, իսկ մասնագիտական դասերը միշտ էլ ցանկալի է իրականացնել անմիջական շփման միջոցով,  բայց ամբողջ ուսուցումը տեղափոխվեց օնլայն հարթակ։ Ինքս այդպիսի փորձ արդեն ունեի, քանի որ մոտ երկու տարի է Կանադայում ապրող դուդուկահար ընկերոջս հետ ստեղծել ենք ամբողջ ախարհի դուդուկասերների համար  հարթակ, որտեղ օնլայն դասընթացներ ենք անցկացնում։ "Duduk Masterclass Lessons"հարթակում ախարհի տարբեր անկյուններից տարբեր ազգի ներկայացուցիչներ են սովորում դուդուկ նվագել, ունեմ գերմանացի, հրեա, եգիպտացի և այլ ազգի լավ ուսանողներ։ Իմ համար օնլայն դասավանդումը խնդիր չառաջացրեց, ասեմ ավելին՝ բոլոր երիտասարդ դասավանդողների համար էլ հեշտությամբ ստացվեց համացանցային դասերը, դժվարացավ համենատաբար ավագ սերունդը» , - նշում է Արտակ Ասատրյանը։
 
     Երաժշտի խոսքով՝ դասավանդումն այդքան չի տուժել, որքան համերգային գործունեությունը։ Համերգային դահլիճներն այդպես էլ չբացվեցին, օնլայն համերգներ նկարվեցին , բայց  միայն մասնակի լրացվեց երաժշտական շուկան։ Համերգների դեպքում կարևորը հենց  այն է, որ անցկացվի հանդիսատեսի ներկայությամբ, որ անմիջական կապ լինի և ջերմության փոխանակում։
 
   «Համացանցային իրականության մեջ կա նաև մեկ լուրջ խնդիր, որ  հայ դուդուկահարները պետք է զգոն լինեն, քանի որ վտանգ կա՝ դուդուկը շատ ազգերի մոտ ընկալվում է որպես էկզոտիկ երաժշտական գործիք և ոչ լուրջ նվագարան։ Նրանք ուզում են օգտագործել դուդուկի թավշյա գեղեցիկ ձայնը, մի փոքր սովորում են, օգտագործելով լավ գովազդը՝ փորձում են ունենալ հաջողություն  և նրանք համացանցը ողողում են ոչ պրոֆեսիոնալ նյութերով։ Մեր կողմից մաքսիմում ակտիվություն է պետք ցուցաբերել համացանցում բարձր որակի աշխատանքներ զետեղելու համար։ Հայազգի պրոֆեսիոնալ դուդուկահարները պետք է օգտագործեն այս հարթակները»,-հավելում է երաժիշտը։
 
    50 տարի առաջ դուդուկը հայ երաժշտի և ժողովրդի,  ներքին լսարանի համար էր՝ կատարվում էին աշուղական,ժողովրդական երգեր,ինչը մեր դուդուկահարները կատարում են կատարյալ։
 
 «Դուդուկը շատ լուրջ զարգացման շրջան է ապրում։ Հիմա կան նոր մարտահրավերներ՝   վերջին տարիներին հայ երաժիշտները շատ են համագործակցում այլազգի երաժիշտների հետ, և դուդուկն այժմ համաշխարհային երաժշտությանն ինտեգրման ճանապարհին է։ Փորձեր են արվում դուդուկը նվագել  թե՛ ջազի,թե՛ դասականի, թե՛ այլ տարբեր ժանրերի հետ։ Ամենալուրջը և հեռանկարայինը, կարծում եմ, դուդուկի զարգմացման համար կարելի է համարել դասականը » , - նշում է Արտակ Ասատրյանը։
 
    Երաժիշտը կարևորում է այն, որ դուդուկ շատ տարբեր ազգի ներկայացուցիչներ են փորձում նվագել, բայց  դուդուկն իր մտածողությամբ, հնչյուններով շատ մոտ է մեր մենթալիտետին,  մենք միշտ , ցավոք, ունեցել ենք պատերազմներ, կորուստներ, այս տարի էլ ունեցանք,   որքան էլ չուզենք, բայց մեր մտածողության մեջ կա թախիծը, իսկ դուդուկն այդ թախիծի իդեալական վերարդրողն է։ Դուդուկին լավ տիրապետելը շատ բնական է հայերի համար։ Հայաստանում դուդուկ նվագելն այնպիսի թռիչք ապրեց,որ մրցակցությունից դուրս է թողնում բոլորին թե՛ ձայնի որակի,թե՛ տեխնիկական առումով։
 
  Նշենք,  որ   2014 թվականինին Արտակ Ասատրյան որպես սոլոիստ եւ «Դուդուկներ» հնգյակի բաս դուդուկահար համերգներ է ունեցել Լոնդոնում, որոնցից կարեւորը եղել է «Shakespeare's Gloub» թատրոնի նոր համերգասրահի բացման համերգը։
 
   2015-2019 թվ.ին 3 անգամ մասնակցել է Մոսկվայում կայանալիք «Festival Duduka» միջազգային դուդուկի փառատոնին «Դուդուկներ» անսամբլի կազմով եւ որպես սոլոիստ։ Համերգները կայացել են Մոսկվայի ակադեմիական եւ դրամատիկական թատրոններում, «Կրեմլի պալատ» հեղինակավոր համերգասրահում։
 
   2015 թվ.ին որպես սոլո դուդուկահար եւ զուռնահար մասնակցել է արաբական աշխարհի գերաստղ Մաժիդա ԱլՌումիի Հայոց ցեղասպանության 100ամյակին նվիրված համերգին Լիբանանում(Բեյրութ)։
 
 2018 թվ.-ից առ այսօր համագործակցում է Երեւանի պետական կամերային երգչախմբի հետ, հանդես գալով որպես մենակատար եւ երգչախմբի բարիտոն ձայնաբաժնի երգիչ։ Երգչախմբի հետ համատեծ ունեցել է ավլի քամ 25 համերգ, այդ թվում մասնակցել է Թուրքմենստանում կայանալիք հայկական մշակութային օրերի շրջանակում համերգներին։
 2019 թվ.-ին համերգներ է ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքում։
 
    Արտակ Ասատրյանի որպես երաժիշտ գործունեության մեջ կարեւոր է նրա նորարարական աշխատանքը, որը դուդուկի զարգացման եւ համաշխարհային դասական բեմում ինտեգրվելու կարեւոր հայտ է։ Արտակ Ասատրյանը բեկել է այն կարծրատիպը, որ դուդուկահարը պետ-ք է կամ կարող է նվագել միայն ժողովրդական ստեղծագործություն։ Համաշխարհային դասականների բազում ստեղծագործություններ առաջին անգամ դուդուկով կատարվել են(եւ մինչ օրս չի կատարվել մեկ այլ դուդուկահարի կողմից) Արտակ Ասատրյանի կողմից։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ