Երևանում կայացել է միջազգային գիտամեթոդական համաժողով՝ նվիրված Սերգեյ Օժեգովի ծննդյան 120-ամյակին


 

Երևանում կայացել է միջազգային գիտամեթոդական համաժողով՝ նվիրված Սերգեյ Օժեգովի ծննդյան 120-ամյակին

  • 07-12-2020 10:40:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2020 թվականի դեկտեմբերի 3-4-ին Երևանում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ միջազգային գիտամեթոդական համաժողով՝ նվիրված ռուս լեզվաբան, բառարանագիր և ուղղագրագետ (լեքսիկոգրաֆ) «Ռուսաց լեզվի բացատրական բառարանի» հեղինակ Սերգեյ Օժեգովի ծննդյան 120-ամյակին :
 
Համաժողովի կազմակերպիչներն էին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը և Վ. Բրյուսովի անվան  պետական համալսարանը: Սերգեյ Օժեգովի ծննդյան 120-ամյակին նվիրված երկօրյա համաժողովը իրականացվեց Համալսարանի 85–ամյա հոբելյանի տոնական միջոցառումների շրջանակում:
 
Միջազգային համաժողովին մասնակցություն ունեցան Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից հեղինակավոր գիտնական-լեզվաբաններ,  Հայաստանի առաջատար բուհերի դասախոսներ,  դպրոցի ուսուցիչներ և ուսանողներ:
 
Պլենար սեկցիայի հանդիսավոր բացման ընթացքում մասնակիցներին ողջունեցին Վ.Բրյուսովի անվան  պետական համալսարանի  ռեկտոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների  թեկնածու  Կարինե Հարությունյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ացամազ Բիչենովը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և միջոցառման համակարգող՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռուսաց լեզվի և  օտար լեզուների  ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Նինա Տատկալոն: 
 
Համաժողովի  ծրագիրը ներառում էր 4 սեսիա. 
 
1. Ս.Ի. Օժեգովը և նրա «Ռուսաց լեզվի բառարանը» ռուսագիտության պատմության ընթացքում և լեզվական գիտելիքների զարգացման արդի փուլում, 
2. Ռուսաց լեզվի  նորագույն բառարանների ներկայացում իրենց հեղինակների մասնակցությամբ,
3. Ռուսական դպրոցներում կրթական գործընթացներում ռուսաց լեզվի տպագիր և էլեկտրոնային բառարանների գործնական կիրառման հնարավորությունների ներկայացում, 
4. Հայաստանի գիտնականները ռուսաց լեզվի և ռուս գրականության մասին։ 
 
Գիտաժողովի սեսիաների ընթացքում հետաքրքիր օնլայն դասախոսություններով հանդես եկան ռուսաստանյան գիտնականները, ՀՀ և Արցախի տարբեր բուհերի՝ Վ. Բրյուսովի անվան ՊՀ, ԵՊՀ, ՌՀՀ, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ներկայացուցիչները։ Լեզվաբան-գիտնականները ներկայացրեցին հետաքրքիր և արդիական թեմաներով զեկույցներ, որոնց թեզիսները շուտով կհրատարակվեն գիտական ժողովածուում։ 
Երկօրյա գիտաժողովն ավարտվեց Կլոր սեղան-քննարկմամբ՝ նվիրված Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հիմնախնդիրներին։ Գիտաժողովի բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն