Ֆինկազմակերպությունները պետք է պահպանեն պատերազմին կամավորագրված հաճախորդների լոյալությունը. Արմինե Ճաղարյան


Ֆինկազմակերպությունները պետք է պահպանեն պատերազմին կամավորագրված հաճախորդների լոյալությունը. Արմինե Ճաղարյան

  • 08-12-2020 15:40:46   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Պատերազմին մասնակցած, սակայն մասնակցությունը հավաստող փաստաթուղթ պետությունից չստացած և վարկային պարտավորություններ ունեցող կամավորագրվածների նկատմամբ ֆինանսական կազմակերպությունները պետք է ցուցաբերեն ճկուն և անհատական մոտեցում՝ օգտագործելով իրենց հեղինակությունը բարձրացնելու հնարավորությունը։ Նման կարծիք «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում հատնեց «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) ներկայացուցիչ Արմինե Ճաղարյանը։ 
 
«Հատկապես ֆինանսական հատվածում այդքան շատ առիթներ չեն լինում, երբ դու կարող ես աշխատել իմիջի վրա, այսինքն, ցույց տալ, որ դու հաճախորդի նկատմամբ բաց ես, և նա քեզ համար կարևոր է»,- նշեց նա՝ հավելելով, որ այս ճգնաժամային իրավիճակում լոյալ հաճախորդներ կորցնելը բիզնեսի տեսակետից անթույլատրելի է։
 
Արմինե Ճաղարյանը պարզաբանեց, որ ճգնաժամային իրավիճակում վարկավորման ռիսկայնությունը բարձրանում է, և դրա համար ֆինանսիստները վարկավորման ռիսկերի կառավարման մեխանիզմներն ու մեթոդներն ավելի են խստացնում, այսինքն, փորձում են ավելի լավ ֆիլտրել և հասկանալ, թե ում կկարողանան վարկավորել։ «Այս իրավիճակում պետք է լինել մի քիչ ավելի ազնիվ հաճախորդների հետ և առաջարկել այն պրոդուկտը, որի կարիքը նրանք իսկապես ունեն»,- նշեց ՈՒՎԿ-ի ներկայացուցիչը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ միայն հաճախորդի բարօրությունը կամ նրա գոհունակությունն է ֆինանսական կազմակերպություններին թույլ տալիս շարունակել աշխատանքը։ 
 
Նա հավաստեց, որ ֆինանսական կազմակերպություններն ամեն ինչ անում են, որ իրենց ներկայացված հայտերից ընտրեն այն հայտերը, որոնք անվտանգ են լինելու իրենց համար, և ընտրեն այն հաճախորդներին, ում հետ հեշտ է լինելու աշխատել այն առումով, որ վատ իրադրության մեջ չդնեն հաճախորդին վարկը վերադարձնելու հնարավորության տեսանկյունից։ Արմինե Ճաղարյանը կարևորեց նաև հաճախորդների գիտակցված մոտեցումը ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ՝ նկատելով, որ եթե որևէ ֆինկազմակերպություն մերժում է հաճախորդի համար նախընտրելի վարկի տրամադրումը, հաճախորդը պետք է ընդունի, որ դա ճիշտ է թե՛ իր, թե ֆինանսական կազմակերպության համար։ 
 
Այս առումով նա առաջնային համարեց հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը դեռևս դպրոցական տարիքից, ֆինանսների հետ կապված քննարկումներն ընտանիքում և ընկերների շրջապատում։ Արմինե Ճաղարյանը պարզաբանեց, որ ֆինանսական գրագիտության բարձրացման հարցերով ակտիվորեն զբաղվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, որը կազմակերպում է իրազեկումը, համապատասխան բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ է բաժանում ֆինկազմակերպություններին, տարածում հոլովակներ նաև համացանցում։ Նա կարևորեց նաև այդ կազմակերպությունների կողմից հաճախորդների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը՝ կազմակերպությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ