Ֆրանսիան դիմում է 17-ի ձեւաչափին. գործի անցեք, Շուշին, Լաչինն ու Հադրութը սպասում են
08-12-2020 16:59:34 | Հայաստան | Վերլուծություն
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ հանդիպմանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն ասել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հակամարտության լուծում չէ, եւ կարեւոր անելիք ունի Մինսկի խմբի համանախագահությունը: Դեսպանը նշել է, որ հստակեցված չէ Արցախի կարգավիճակը, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:
Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ից է, ԲՀԿ-ն 17 կուսակցությունների ընդդիմադիր ձեւաչափի մասնակից է, այդ առումով դեսպան Լաքոտն իրական քաղաքականության ռեժիմում խորհրդարանում «խոսել է» է 17-ի ձեւաչափի հետ: Միեւնույն ժամանակ, նա մատնացույց է արել օրակարգային հարցերի շրջանակը, որ Փարիզն ակնկալում է տեսնել նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո քաղաքական ընդդիմության դրոշակակրի հայտ ներկայացրած ձեւաչափի գործունեության մեջ:
17-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ին հանրահավաքում հայտարարեց, որ երբեք չեն հաշտվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, բայց դա չեն կարող փոխել:
Միեւնույն ժամանակ,Ֆրանսիայի դեսպանը հստակ ցույց է տալիս, որ չհաշտվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ պետք է գործով, ինչը նշանակում է աշխատանք կարգավիճակի, Հադրութի, Շուշիի, Լաչինի, հայ-ադրբեջանական սահմանագծման հարցերի ուղղությամբ:
Ֆրանսիայի դեսպանը Վահե Էնֆիաջյանի հետ հանդիպել է 17-ի հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկին զուգահեռ, թերեւս շոշափելու եւ հասկանալու համար, թե Ֆրանսիան այդ ուղղությամբ իր մոտեցումներում որքան գործընկերային ներուժ կարող է տեսնել այդ ձեւաչափում, եւ ձեւաչափը կարո՞ղ է Հայաստանի իշխանությանը քաղաքացիական անհնազանդություն հակադրելուն զուգահեռ, քաղաքական բովանդակային անհնազանդություն հակադրել նոյեմբերի 9-ի փաստաթղթին:
Ընդ որում, քաղաքականության համար իշխանության կարգավիճակը բոլորովին պարտադիր պայման չէ: Ով ով, բայց ոչ ոք դա ավելի լավ չգիտե, որքան իր հարուստ փորձով Վազգեն Մանուկյանը: