Մոբայլ բանկային տրոյացիները գնալով ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին


Մոբայլ բանկային տրոյացիները գնալով ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին

  • 09-12-2020 12:16:32   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի երրորդ եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,06%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,03%։
 
2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանն աշխարհում 9-րդ տեղն է  զբաղեցրել այն օգտատերերի բաժնի ցուցանիշով, որոնք ենթարկվել են մոբայլ բանկային տրոյացիների գրոհների։ Այդ ցուցանիշը կազմել է 0,1%. Այդ վնասաբեր ծրագրերը 2019-ի հուլիս-սեպտեմբերին Վրաստանում գրոհել են օգտատերերի 0,06%-ին, իսկ Ադրբեջանում՝ 0,08%-ին։ 
 
2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում օգտատերերի 0,07%-ն է ենթարկվել մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,04%-ը։ Ադրբեջանում գրանցվել է նույն ցուցանիշը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, նույն տարվա երրորդ եռամսյակում ամենաշատը մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվել են Ճապոնիայի՝ 1,89%, Թայվանի (Չինաստանի նահանգ)՝ 0,48%, և Թուրքիայի օգտատերերը՝ 0,33%.
 
Մոբայլ բանկային վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում» են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ