«Ռուսական Օկինավան» հայկական լեռներում. Հայաստանն ըստ Պուտինի


«Ռուսական Օկինավան» հայկական լեռներում. Հայաստանն ըստ Պուտինի

  • 10-12-2020 15:25:07   | Հայաստան  |  Վերլուծություն

«Չասեմ ում մասին է խոսքը, բայց եթե նրանք ուզում են ունենալ մեր ռազմակայանը. ապա իրենց ողջ տարածքի ընդերքը պիտի հայտարարվի մեր սեփականություն: Մենք կողպեք չենք կախի, կշահագործենք հանքերը առավելագույն ծավալով եւ կապահովենք ռուսական ռազմարդյունաբերության կարիքները: Նրանց կմնա մի բան՝ աշխատատեղեր, որ գործազուրկ չմնան», ռուսական պետական Սոլովյովի մոտ, որտեղ պատահական բաներ չեն խոսվում, հայտարարել է Սյոմա Բաղդասարովը:
 
Երեւի ամաչում է ասի, թե ում մասին է խոսքը, որովհետեւ նման խոսքը թշնամուն կամ օկուպացված տարածքին է վերաբերում: Գուցե ամաչում է նաեւ իր ազգանվան համար, թեեւ հայկական ազգանուններով մարդկանց են միշտ ապսպարում ամենանվաստ բաները: Խոսքը Հայաստանի մասին է, որի հանդեպ ռուսական պլանը ենթադրում է հենց դա: Տեղի է ունենում այն, ինչ պիտի տեղի ունենա կապիտուլյացիա ստորագրած որեւէ երկրի հետ՝ իրավունքների եւ սեփականության լիակատար օտարում, ինքնիշխանության լիակատար ոչնչացում:
 
Հայտնվել է նաեւ կապիտուլյացիայի բուն շահառուն՝ Ռուսաստանը: Դա սկսել է սահմանների «դեմարկացիայից» եւ շարունակվելու է կապիտուլյացիայի ժանրի բոլոր կանոններով: Ժողովուրդ ու պետություն չի կարող լինել, այլ բազային ու սահմանապահներին կից նվազագույն բնակչություն ինչ որ տարածքում, որը սպասարկելու է այդ բազաները: Այդ մասին ռուսները վաղուց են խոսում, իսկ դրա «փոքր մոդելը» բացատրել էին Բերձորում:
 
Իսկ ընդերքը պետք է ծառայի ռազմարդյունաբերական համալիրին: Ռուսաստանը իր «հարավային ճեղքումը» փորձում է ներկայացնել որպես հերթական հաղթական նվաճումը, հայերի նվաստ վիճակը հայտարարելով ռուսական ոգու իսկական զարթոնք: Հայկական ընդերքը հարկավոր է այդ զարթոնքը վառ պահելու համար, որովհետեւ նոր սառը պատերազմի հեռանկարը ԱՄՆ ահռելի ռազմական բյուջեի պայմաններում խաղալու է նույն դերը, ինչ անցյալ դարի 80-ականներին:
 
Սովետական քարոզչության մեջ տասնամյակների ընթացքում Ճապոնիայի ետպատերազմյան օկուպացիայի խորհրդանիշը Օկինավան էր: Պրոպագանդան թմբկահարում էր ամերիկյան զինվորականների ոճրագործությունները, որոնցից ոչ մեկը սակայն համեմատելի չէր Գյումրիում զանգվածային սպանության հետ:
 
Մեկն ընդդեմ 17-ի ծաղրական ձեւաչափը հայկական Օկինավան է՝ ստրկացած, անդեմ, անլեզու, անղեկ, ապակողմնորոշված երկիր՝ մի լափ ռուսական «կաշայի» դիմաց:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն