Սոցիալ-տնտեսական ճգնաժամից խուսափելու համար ՀՀ կառավարությունը պետք է աշխատի շտաբի մեթոդով. Գագիկ Մակարյան


Սոցիալ-տնտեսական ճգնաժամից խուսափելու համար ՀՀ կառավարությունը պետք է աշխատի շտաբի մեթոդով. Գագիկ Մակարյան

  • 14-12-2020 13:08:21   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 Հայաստանը սոցիալ-տնտեսական առումով մոտ է անդունդի եզրին, ինչի մասին են վկայում տնտեսական աճի իրական խնդիրները և տնտեսական աճի հասանելիությունը հասարակության տարբեր խավերին, ինչպես նաև սոցիալական խոցելիության՝ հատկապես աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշները։ Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը՝ նկատելով, որ, իր ունեցած վերջին տվյալներով, աղքատության մակարդակը 26.4 տոկոս է, իսկ գործազրկությանը՝ 17.5 տոկոս, և այդ ցուցանիշները կարող են շեշտակի աճել։
 
Նա պարզաբանեց, որ Հայաստանում աղքատության հաշվարկի համար օգտագործվող մեթոդաբանության հիմք համարվող նվազագույն զամբյուղում ներառված են կալորիականության և կենսական նյութերի ցածր արժեքներով մթերքներ, մինչդեռ աշխարհում ընդունված առողջապահական նորմատիվներով հաշվարկված նվազագույն զամբյուղի գինն ավելի բարձր է, և դրանց մոտ նորմատիվները Հայաստանում կիրառելու դեպքում այստեղ ևս նվազագույն զամբյուղի գինը բարձր կլինի, հետևաբար, աղքատության ցուցանիշները ևս բարձր կլինեն։
 
Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա դրա ցուցանիշները, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, ավելի բարձր են մարզերում։ Բացի այդ, աշխատանք որոնողների մեջ շատ են հատկապես 16-29 տարեկան երիտասարդները, որոնք ունեն միջնակարգ կրթություն։ «Նրանք մրցունակ չեն աշխատաշուկայում, որովհետև չունեն քոլեջի կամ բուհի կրթություն։ Նաև պետք է հաշվի առնենք, թե ինչու նրանք այդ կրթությունը չունեն. որովհետև կամ աղքատ լինելու պատճառով կրթություն բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն չունեն, կամ բանակ գնալուց հետո չեն ցանկացել ստանալ։ Ստացվում է, որ այդ խմբի երիտասարդների թիվը քանի գնում ավելանում է»,- մանրամասնեց ՀԳՀՄ-ի նախագահը։
 
Շարունակելով աշխատաշուկայի թեման՝ նա նկատեց, որ գործատուները դժվարանում են  նույնիսկ բանվորներ գտնել, որոնք կլինեն ուշիմ և արագ կողմնորոշվող։ Որակավորված մասնագետների առումով ևս որոշ ոլորտներում կան լուրջ կարիքներ։ «Գործատուների մի մասը սկսել է  դրսից հրավիրել մասնագետներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական կամ ասիական երկրներից, որովհետև հատկապես տեխնոլոգները, ինժեներները քիչ են»,- հավաստեց Գագիկ Մակարյանը՝ նման իրավիճակը պատճառաբանելով այն հանգամանքով, որ Հայաստանի կրթության գերատեսչությունը պարզունակ գործիքներով է գնահատում իր անելիքը, և քանի որ կրթությունը իներցիոն գործընթաց է, մի քանի տարի հետո գրանցվող արդյունքներից երևում է, որ դրանք համաձայնեցված չեն եղել աշխատաշուկայի և տնտեսության պահանջարկի և պահանջների հետ։
 
Հայաստանը սոցիալ-տնտեսական անդունդի եզրից հեռացնելու համար, նրա կարծիքով, նախ կառավարությունը և Ազգային ժողովը չպիտի աշխատեն այն ավանդական մեթոդաբանությամբ, որով մինչև հիմա աշխատել են։ «Պետք է հեռանանք երկարաժամկետ քննարկումներից, փաստաթղթերը շաբաթներով, ամիսներով շրջանառելուց, տարիներով ռազմավարություններ չընդունելուց,- շեշտեց ՀԳՀՄ-ի նախագահը։- Կառավարությունը պետք է աշխատի շտաբի մեթոդով. շտապ, ամեն օր դրվում է խնդիր, երկրորդ օրն ստուգվում է այդ խնդրի լուծումը ինչ փուլում է գտնվում, լուծվել է, չի լուծվել, ինչն է խանգարել, և երբ կլուծվի»։
 
Նա պնդեց, որ ՀՀ կառավարությունը պետք է կիրառի նորարարական կառավարման մոդել, որը ենթադրում է նախարարների պրոֆեսիոնալ կաբինետ, պրոֆեսիոնալ հարցադրումներ և առաջադրանքներ, դրանց պրոֆեսիոնալ կատարում՝ բոլորի ուժերի մոբիլիզացումով, բոլոր շերտերը հաշվի առնելով։
 
Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ Հայաստանի այսօրվա բյուջեն թույլ չի տա ինքնուրույն գլոբալ լուծել ճգնաժամից խուսափելու խնդիրը, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, ՀՀ արտաքին պարտքն այս տարի կհասնի ՀՆԱ-ի 60 տոկոսի, իսկ 2021-ին կդառնա 69 տոկոս, ՀՀ այս տարվա բյուջեի ճեղքվածքը կավելանա մոտ 75 մլրդ դրամով։ Եվ, բացի միջազգային դոնորներից, միջոցների հայթայթման աղբյուր կարող է լինել Սփյուռքը, ընդ որում, ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով։ «Սփյուռքը մեծ բավականությամբ կարող է օգնել՝ Հայաստան ուղարկելով իրենց կողմից օգտագործված կամ ուրիշից գնած օգտագործված գործարանները, որոնք ամիսների ընթացքում կլինեն Հայաստանում և կմոնտաժվեն։ Եվ մենք միանգամից կունենանք հսկայական աշխատատեղեր՝ տարբեր  ոլորտների արտադրություններ խթանելով,- նկատեց նա։  -  Վերջին հաշվով, 6 մլրդ ԱՄՆ դոլարի չափ ներմուծում ունեցող երկրում առնվազն դրա կեսը կարելի արտադրել երկրի ներսում։ Դա վերաբերում է սննդամթերքից սկսած մինչև կենցաղային ապրանքներին և հագուստին»։
 
Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ պետությունը պետք է իր գոտին ձգի ծախսերի տեսանկյունից, և պետական գնումները կատարի շատ դիպուկ, որովհետև դրանք, ՀԳՀՄ նախագահի կարծիքով,  լուրջ դերակատարություն ունեն տարբեր ձեռնարկությունների մուլտիպլիկատիվ զարգացման համար։ Նա հավելեց, որ պետական գնումները չպետք է վերաբերեն միայն ճանապարհ ասֆալտելուն, շինարարությանը, այլ պետք է առնչվեն տարբեր ապրանքների։
 
Սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից Գագիկ Մակարյանն անհրաժեշտ համարեց շոկային թերապիայի մեթոդով գործարար միջավայրի շատ արագ պարզեցումը, որպեսզի բիզնեսը հնարավորինս արագ վերականգնվի, արագ սկսի զարգանալ և նորեր բիզնեսներ առաջանան՝ աշխատատեղեր ստեղծելով նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամ զինծառայողների, Հայաստան գաղթած արցախցիների և այն հայաստանցիների համար, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի։ Կարևորվեց նաև ինքնազբաղվածության ոլորտի հնարավորությունների խթանումը, պարապուրդի մատնված հսկայական թվով գյուղատնտեսական հողատարածքների մշակումը, հատկապես մարզերում գտնվող բազմաթիվ կիսակառույց շենք-շինությունների օգտագործումը սոցիալական բնակարանաշինության համար։
 
ՀԳՀՄ նախագահն ընդգծեց ՀՀ գալիք տարիների բյուջեներում, Ազգային ժողովի օրակարգերում հրատապ լուծում պահանջող խնդիրների ներառումը և դրանց լուծման մեջ տարբեր այլ ինստիտուտների՝ նախարարությունների, Սփյուռքի հանձնակատարի, մարզպետարանների, համայնքապետարանների, ավագանիների, հասարական հատվածի և բիզնես-կառույցների դերը, որոնք պետք է կոնսոլիդացվեն կառավարությանն օգնելու համար։ «Այս ամենով պետք է գիտակցաբար երաշխիքներ ստեղծվեն առ այն, որ Հայաստանը անվտանգ է, երկրում տնտեսվարողների համար երկարաժամկետ կտրվածքով կան հնարավորություններ և իրենց որևէ ֆորս-մաժորային վիճակ չի սպասվում»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
 
Նա ուշադրություն հրավիրեց նաև Հայաստանում պարենային անվտանգության խնդրի լուծման վրա՝ նշելով, որ խնդիրը կորոնավիրուսի և պատերազմի ժամանակաշրջանում չսրվեց գործարարների ճիշտ աշխատանքի շնորհիվ, սակայն այժմ խնդրի լուծումը բարդանում է։ «Արցախում մենք կորցրեցինք հսկայական ցանքատարածություններ և ջրային ռեսուրսների մոտ 70 տոկոսը։ Արցախը տարեկան Հայաստանին մատակարարում էր մինչև 150 հազար տոննա հացահատիկ, և այդ ծավալները այլևս չի կարողանա ապահովել»,- նկատեց ՀԳՀՄ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 450 հազար տոննա հացահատիկ, և այժմ դրա չբավարարող ծավալները պետք է այլ աղբյուրներից ներմուծի։ Բացի այդ, հացահատիկի պակասորդը կարող է հանգեցնել Հայաստանում անասնագլխաքանակի նվազման։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play