«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. ԱՀ ԱԱԾ


«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. ԱՀ ԱԱԾ

  • 15-12-2020 16:54:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» սոցիալական ցանցերում տարածված փաստաթուղթը կեղծիք է:
 
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված՝ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է իր բովանդակությամբ:
 
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներ շոշափելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է ԱՀ ԱԱԾ հայտարարության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն