Ադրբեջանում գերության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանն այսօր վերադարձվել է Հայաստան


Ադրբեջանում գերության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանն այսօր վերադարձվել է Հայաստան

  • 15-12-2020 17:38:24   | Հայաստան  |  Հասարակություն

Ադրբեջանում գտնվող Սյունիքի Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը վերադարձվել է Հայաստան։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
 
«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն»,- գրել է Գևորգյանը։
 
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի էր ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 անձ (համացանցում հայտնված ոչ պաշտոնական ցուցակում 45 անուն է՝ ներառյալ Սարդարյանինը), իսկ Հայաստանից Ադրբեջան է տեղափոխվել տարբեր տեղեկություններով 12-14 անձ։ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չէր վերադարձել։ ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշել էր, որ պատճառները հայտնի չեն։
 
2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն