Հայաստանում ճգնաժամը համընկել է քաղաքական վերնախավի սերնդափոխության հետ. Հովհաննես Ավետիսյան


Հայաստանում ճգնաժամը համընկել է քաղաքական վերնախավի սերնդափոխության հետ. Հովհաննես Ավետիսյան

  • 18-12-2020 11:52:24   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հայաստանում կան մասնագետներ, ուժեր և գաղափարներ, որոնք կարող են երկիրը դուրս բերել ճգնաժամից և կայունությունն ապահովել, սակայն այդ մասնագետների իշխանության գալը երկար ժամանակ է պահանջում։ Այս տեսակետը «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում հայտնեց հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
 
«Այդ մարդիկ որքան էլ լավ մասնագետ լինեն՝ լավ կարողություններով, ապա որոշակի քաղաքական դիրքավորում և քաղաքական կերպար պետք է ունենան, որպեսզի գնան քաղաքացու քվեն ստանալու՝ գործողությունների խոստումներ տալով, վստահություն շահելով, գան, պատասխանատվություն ստանձնեն և կառավարումը վերցնեն իրենց ձեռքը»,- նկատեց փորձագետը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկա ճգնաժամը համընկել է քաղաքական վերնախավի սերնդափոխության ժամանակահատվածի հետ։ «Քաղաքական վերնախավի սերնդափոխությունները տեղի են ունենում 30-35 տարին մեկ, և ներկայումս Հայաստանն այդ սերնդափոխության հատման կետում է։ Սա է նաև պատճառը, որ մենք, ունենալով այս կարգի լուրջ ճգնաժամ, քաղաքական մեծ կշիռ ունեցող այլ ուժերի այս պահին գոնե չենք տեսնում, որ կկարողանան այս վիճակից ելքեր առաջարկել և գործընթացն իրենց ձեռքը վերցնել»,- նշեց փորձագետը։
 
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի պետական կառավարման մեքենան չի կարողացել պլանային տնտեսություն սպասարկող համակարգից ամբողջովին փոխակերպվել շուկայական տնտեսության համակարգ սպասարկող մեքենայի, և միջազգային կազմակերպությունների խորհուրդներով իրականացված վատ սեփականաշնորհման արդյունքում Հայաստանում ձևավորվել է օլիգարխիկ համակարգ։ «Մենք՝ որպես պետություն, չգիտենք, ինչ արժեք ենք ստեղծում, ինչի շուրջ ենք հավաքվում։ Եվ երբ քաղաքացին չգիտի, ինչ սպասելիքներ ունենա պետությունից, նա քվեարկում է ոտքով՝ դա արտագաղթն է»,- նկատեց Հովհաննես Ավետիսյանը՝ հավելելով, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամին ներկայումս ավելացել են նոր կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքները։
 
Փորձագետը Հայաստանի սոցիալական և տնտեսական անկումը կանգնացնելու հնարավորություն է համարում կառավարության կողմից հակաճգնաժամային գործողությունների իրականացումը, որոնք նախ պետք է սահմանեն, թե ինչ ճգնաժամի մեջ է երկիրը։ «Ունենք կորցրած մեծ տարածքներ, նոր առաջացած սահմաններին անվտանգության ապահովման խնդիրներ, հազարավոր տեղահանվածներ և փախստականներ, որոնք գնալու տեղ չունեն, մեր պետության հասցեին հնչող արտաքին անվտանգային սպառնալիքներ»,- նկատեց նա՝ նշելով, որ ճգնաժամի այս բաղադրիչները քաղաքացու և բիզնեսի համար ստեղծում են անապահովության և վատ սպասումների միջավայր։ Եվ հակաճգնաժամային գործողությունները պետք է ներառեն անվտանգային միջավայրը՝ ՀՀ սահմաններին ուղեկալների շատ արագ կառուցումը և զորամասերի տեղակայումը, ինչպես նաև շատ հստակ թիրախավորեն այն քաղաքացիներին, որոնք դարձել են անօթևան և առանց ապրուստի միջոցի՝ նրանց համար նոր բնակարաններ ստեղծելով սահմանամերձ շրջաններում։ «Երբ պետությունը քաղաքացիներին տա նման ուշադրություն և ցույց տա, որ զբաղվում է ճգնաժամի հետևանքները մեղմացնելով, մարդու մոտ կսկսի վերականգնվել պետության նկատմամբ վստահությունը և մարդը կսկսի իր պահպանողական, պասիվ տնտեսական գործունեության վիճակից անցնել նորմալ գործունեության վիճակի, այսինքն, խնայողության ռեժիմից կանցնի նորմալ առօրյայի»,- շեշտեց Հովհաննես Ավետիսյանը։
 
Նրա բնորոշմամբ՝ բիզնեսի տեսանկյունից վերջին 20-25 տարիներին Հայաստանում շատ աննպաստ պայմաններ և անկայուն իրավիճակ է ստեղծվել, ինչի հետևանք է նաև հայկական դրամի արժեզրկումը։ «Պատճառն այն է, որ մարդկանց սպասումները դրական չեն, և այս ճգնաժամի հաղթահարման քայլերն իրենք չեն տեսնում, անորոշության մեջ են, և սկսում են ոչ միայն խնայել իրենց եկամուտներն ու ռեսուրսները, այլև սկսում են դրանք փոխակերպել այն արտարժույթների, որոնք համեմատաբար կայուն են»,- ընդգծեց փորձագետը։
 
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կառավարման համակարգում որակական փոփոխություններ պետք է տեղի ունենան, ինչն, առաջին հերթին, ենթադրում է որոշումների կայացման իրավասություն ունեցող անձանց շրջանակի փոփոխություն, որը գործողություններում և միջավայրում կբերի կառավարության ներգործության այլ տրամաբանություն։ «Պետությունը և կառավարությունը միջավայրի համար են պատասխանատու, և եթե միջավայրը նպաստավոր է, բիզնեսն իր գործն անում է, եթե միջավայրը նպաստավոր և կայուն չէ, քաղաքական վայրիվերումներ են, սոցիալական ճգնաժամ է, ապա բիզնեսը դժվարանում է հաջողել»,- պարզաբանեց հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ