Մինչ բոլորը հրաժարվել են Արցախից, իսկ նախագահը կոտլետ է տապակում, կառավարությունը պայմանագիր կստորագրի


Մինչ բոլորը հրաժարվել են Արցախից, իսկ նախագահը կոտլետ է տապակում, կառավարությունը պայմանագիր կստորագրի

  • 22-12-2020 16:07:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Մինչ Հայաստանում շարունակվում է ներքաղաքական գզվռտոցը՝ դեպի Եռաբլուր խայտառակ երթով, Սյունիքի «անջատմամբ» եւ լրիվ մոռացված Արցախով, Ադրբեջանը հետեւողական առաջ է տալիս իր սահմաններն ու առանց մի կրակոցի հայկական հողեր գրավում։
 
Նիկոլ Փաշինյանը, Սյունիքում պատասխանելով սահմանների մասին հարցին, ասել է, որ 2010 թվականին «նրանք» օրենք են ընդունել սահմանների մասին եւ հիմա «նրանք» իրավունք չունեն հարցեր տալ «իրենց»։
 
Փաշինյանը հատուկ նենգափոխում է հասկացությունները, որովհետեւ սահմանների մասին հարցեր տալիս են ոչ թե «նրանք», այլ ժողովուրդը, որը 2010 թվականին օրենքներ չի ընդունել եւ 2020 թվականին կապիտուլյացիայի ակտ չի ստորագրել։ Ժողովուրդը, որն ապրում է սահմանին եւ պետք է երթեւեկի «նոր» ճանապարհով, որտեղ ռուս սահմանապահներն են տեղակայված։
 
Փաշինյանն ունի՞ ժողովրդի հարցերի պատասխանները։
 
Հարցը միայն այն չէ, թե ինչպես է փոխվում սահմանը, այլ այն, թե ինչու է դա այսքան հապճեպ արվում՝ կարծես թե ինչ-որ մեկը վախենում է չհասցնել։ Փորձագետները խոսում են, որ հնարավոր է այս տարվա վերջին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճանաչման պայմանագիր ստորագրվի։
 
Արցախն արդեն հանձնել են ու մոռացել, հիմա լուծում են Հայաստանի հարցը։ Դա կանխելու համար Հայաստանում պետք է գտնել մարդու, ինստիտուտ, մարմին, որը լիազորություն ունի կանխելու գործադիր իշխանության հանցավոր գործողությունները։
 
Այդպիսի լիազորություններ կարող են ունենալ խորհրդարանը, Սահմանադրական դատարանը, իսկ ավելի լավ է՝ բոլորը միասին։ Հայաստանի նախագահը, որը հմտորեն կոտլետ է տապակում, կարող է հրապարակային հայտարարել, որ ինչ-որ պահից սկսած կառավարության գործողություններն իրավաչափ չեն, որոշումների կայացումը դադարեցվում է, իսկ արդեն ընդունված որոշումների իրագործումը սառեցվում է։ Դրա համար նախագահն ունի բոլոր հիմքերը։
 
Եթե տեղի ունեցող գործընթացները սպառնալիք են ազգային անվտանգությանը, չի կարելի քաղաքական խաղերի վիճակագիր ու հանդիսատես դառնալ։ Առաջին քայլը պետք է դառնա հանցավոր քաղաքականության սառեցումը, որը կարող է ավարտվել փաստաթղթի ստորագրմամբ, որը խաչ կքաշի մեր իրավունքների եւ շահերի վրա։
 
Մինչ ընդդիմությունը գործադուլեր ու հանրահավաքներ է անցկացնում՝ «ժամանակ տալով» սահմանների «դեմարկացիայի» համար, մինչ խորհրդարանը խուսափում է Արցախի հարցի քննարկումից՝ դրանով իսկ հրաժարվելով միացման գաղափարից, մինչ նախագահը կոտլետ է տապակում, եւ բոլորը վախենում են Ռուսաստանից, կառավարությունը պայմանագիր կստորագրի, որը հետո դժվար է լինելու չեղարկել։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն