Եռակողմ հայտարարության 40 օրերը․ անորոշ դրույթներ ու չկատարված պահանջներ


Եռակողմ հայտարարության 40 օրերը․ անորոշ դրույթներ ու չկատարված պահանջներ

  • 22-12-2020 18:10:07   | Հայաստան  |  Վերլուծություն

 
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ դադարեցվեցին սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները։
 
Հայտարարության ընդունումից անցել է արդեն շուրջ 40 օր, սակայն դրա որոշ դրույթներ դեռևս չեն կատարվել ամբողջությամբ, իսկ որոշ կետերի շուրջ էլ դեռևս շարունակում է անորոշություն պահպանվել։
 
9 կետերը
 
Մասնավորապես, այդ հայտարարության 9 կետերով նախատեսվում էր, որ
 
1․ Նոյեմբերի 10-ին, մոսկովյան ժամանակով 00։00-ից հակամարտության գոտում պետք է հաստատվի ամբողջական հրադադար և ավարտվեին բոլոր ռազմական գործողությունները, իսկ կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում էին,
2․ Մինչև նոյեմբերի 20-ն Աղդամի շրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին,
3․ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվի Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա,
4․ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ընդ որում, խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի 5-ամյա ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին,
5․ Պետք է ստեղծվի խաղաղապահ կենտրոն, որը կվերահսկի համաձայնագրերի կատարումը,
6․ Հայաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձնի Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնալու է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, առաջիկա երեք տարում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանը, իր հերթին, պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով,
7․ Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ,
8․ Պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում,
9․ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Բացի սա, կողմերի համաձայնությամբ, պետք է ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
 
40 օրերը 
 
Ինչպես արդեն նշեցինք, այս հայտարարության ստորագրումից հետո անցել է արդեն ավելի քան 40 օր։ Այս ժամանակահատվածում, բնականաբար, չէին կարող արդեն իսկ իրականացված լինեին հայտարարությունում տեղ գտած այնպիսի դրույթներ, ինչպիսին են նոր ճանապարհների շինարարությունները։ Սակայն, դրա հետ մեկտեղ, 40 օրը խելամիտ ժամկետ է թվում այլ դրույթների համար, որոնց մի մասն իրականացվել է կամ մասնակիորեն, կամ չի իրականացվել ընդհանրապես։
 
Այսպես, ինչ վերաբերում է Ադրբեջանին հանձնվելիք տարածքներին, ապա այդ առումով հայտարարության դրույթները կատարվել են ամբողջությամբ։ Ըստ հայտարարության, Ադրբեջանին են հանձնվել Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները (Քելբաջարի շրջանը փոխադարձ համաձայնությամբ, նոյեմբերի 15-ի փոխարեն հանձնվեց նոյեմբերի 25-ին):
Սակայն նույն հայտարարության առաջին կետի համաձայն, հակամարտող կողմերի ուժերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում: Նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով 00։00 դրությամբ հայկական ուժերը կանգ էին առել Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, ինչպես նաև Դիզափայտ լեռան վրա։ Այսինքն, այդ տարածքները պետք է շարունակեին մնալ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո։ Սակայն Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած այդ վերջին գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական հատուկջոկատայինները դիրքավորվել էին Հին Թաղերի և Խծաբերդի մոտակայքում, իսկ մի քանի ժամ տևած մարտերից հետո նրանց հաջողվել էր մտնել Հին Թաղեր գյուղ։ Մարտերի ժամանակ մահացել են հայկական բանակի առնվազն 9 զինծառայողներ, առկա են մի քանի տասնյակ գերևարվածներ: Թե ի՞նչ կլինի այդ գյուղերի ճակատագիրը՝ դեռևս պարզ չէ։ Հետաքրքրական է, որ այդ տարածքները բացակայում էին ռուս խաղաղապահների տեղակայման՝ ՌԴ ՊՆ հրապարակած քարտեզում, սակայն այնուհետև դրանք հայտնվել էին, ապա և նորից հեռացվել քարտեզից։
 
Ի դեպ, ռուս խաղաղապահների տեղակայման մասով։ Ըստ հայտարարության դրույթների, ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով»։ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով, սակայն, ռուս խաղաղապահները չեն տեղակայվել, իսկ շփման գծի հսկողությունը, ըստ էության, շարունակում է իրականացնել Արցախի Պաշտպանության բանակը։ Այս համատեքստում ուշադրության է արժանի հայտարարության 4-րդ կետը, ըստ որի՝ ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեն  «Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Այս դրույթը պարունակում է մի շարք անորոշություններ, քանի որ չի նշվում, թե որտեղ պետք է տեղակայվեն խաղաղապահները՝ «Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Եվ ապա՝ անորոշ է նաև հարցը, թե որտեղի՞ց պետք է դուրս բերվեն այդ ուժերը՝ շփման գծի երկայնքի՞ց, թե՞ Ադրբեջանին հանձնված երեք շրջաններից (ինչն արդեն արվել է)։
 
Քննարկման առարկա է նաև Լաչինի միջանցքի հարցը։ Ադրբեջանը, ի հեճուկս հայտարարությամբ ամրագրված դրույթների, չի ապահովել «Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Մասնավորապես, հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ օր անց Բերձոր-Շուշի ճանապարհին (Լաչինի միջանցքում) գերեվարվել էին «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր-նախագահ Գևորգ Սուջյանն ու իր ընկերները։ Ներկայում միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։
 
Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության ամենացավոտ հանգամանքներից մեկը, թերևս, ադրբեջանական գերության մեջ մեծաթիվ հայ զինվորականների գտնվելու փաստն էր։ Ըստ հայտարարության, կողմերը պետք է իրականացնեին ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։
Հայկական կողմի պնդմամբ, սակայն, Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացը լիովին իրականացնելու համար։ Չնայած և հայկական կողմը, և ադրբեջանական կողմը հայտարարել են, որ համաձայն են գերիների՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով փոխանակմանը, ադրբեջանական գերության մեջ են շարունակում մնալ բազմաթիվ հայեր։ Գերիների մեծ խումբ՝ 44 հոգի, Ադրբեջանից Հայաստան է վերադարձել միայն դեկտեմբերի 14-ին, իսկ մյուս գերիների վերադարձի ժամկետներ սույն հոդվածի պատրաստման պահին դեռ չեն հնչել։
Դեռևս պարզ չեն մանրամասները՝ կապված նաև ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնի ստեղծման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, պետք է տեղակայվի ադրբեջանական Բարդա քաղաքում։ 
 
Անորոշություն է նաև հայտարարության յոթերորդ կետի շուրջ, ըստ որի՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։
 
Այս դրույթն առնվազն երկու հարց է առաջ բերում՝ արդյո՞ք խոսքը գնում է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, և/կամ արդյո՞ք խոսքը գնում է Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Արցախի մաս կազմող բնակավայրեր, ինչպիսին են Շուշին ու Հադրութը, հայ փախստականների վերադարձի մասին։
Առկախված է մնում նաև հայտարարության 9-րդ կետը, ըստ որի՝ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են»: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանից Ադրբեջանի տարածքով կարող է տարածք բացվել դեպի Ռուսաստան, թե՞ սա նշանակում է միայն, որ Հայաստանը պարտավոր է լինելու ճանապարհներ տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ հաստատելու համար՝ պարզ չէ։ Սակայն հարկ է նկատել, որ հայկական ու ադրբեջանական կողմերը դեռևս տեղորոշում են միջպետական սահմանները, որն ուղեկցվում է որոշակի լարվածությամբ, և տնտեսական ու տրանսպորտային կապերը ապաշրջափակելու մասին հայտարարություններ գոնե ադրբեջանական կողմից չեն հնչել։
 
Այսպիսով, փորձելով ամփոփել անորոշ դրույթներով ու հարցերով լի այս հայտարարության իրականացման ուղղությամբ շուրջ 40 օր տևած գործընթացները, կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ անորոշությունները, հայտարարությունում Հայաստանի համար կարևոր հարցերում ժամկետների բացակայությունը, Ադրբեջանի կողմից դրույթների խախտումներն ու դրանց կապակցությամբ ադեկվատ արձագանքների բացակայությունը ապակայունացնում են ստեղծված առանց այն էլ հեղհեղուկ ու պայթյունավտանգ իրավիճակը։
 
Վահե Ղուկասյան
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն