Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել է ծաղրել հանրությանը


Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել է ծաղրել հանրությանը

  • 23-12-2020 17:35:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարեւոր հարցերից է: Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետեւ ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջեւ երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել: Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն, Ֆեյսբուքի իր էջում առավոտյան գրել է Նիկոլ Փաշինյանը:
 
Ճշմարիտ խոսքեր են, եւ վարչապետն էլ մինչեւ վերջ ազնիվ կլիներ, եթե իր գրառման վերջում նշեր՝ առանց ինձ: Որովհետեւ, որքան էլ նա իր նշած զրոյական կետից պատկերացնում է իր հետագա անելիքը, այնուամենայնիվ, այդ զրոյական կետից նա որպես երկրի ղեկավար ու որպես քաղաքական գործիչ մնացել է արդեն անցյալում, եւ ապագայի վերաբերյալ քննարկումներին կարող է մասնակցել որպես քաղաքացի, ոչ ավելի:
 
Բանն այն է, որ նրա գործունեության շրջանում Արցախը կտրվեց Հայաստանից (նկատի չունենք Լաչինի միջանցքով ֆիզիկական կապը): Արցախի ռազմավարական երկու շրջանները՝ Շուշին եւ Հադրութը, անցան թշնամուն, Հադրութից Շուշի Արցախից այսպես ասած մնացած մասի միջով անցնում է թուրքերի աղեղը, որն անհնար է դարձնում Արցախում հայության անվտանգության եւ ընդհանրապես պահպանման խնդիրը:
 
Արցախի բաժանումն անմիջապես կապված է Հայաստանի սուբյեկտության ու ինքնիշխանության կորստի հետ, որի վկայությունը սահմանների ներկայիս «դեմարկացիան» է: Դրա նպատակը «Ադրբեջանի» լեգիտիմացումն է որպես պետություն, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքների ճանաչումը, որին հետեւելու են Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված այլ քայլեր, մասնավորապես երկրի տարածքի «մասնատումը» հաղորդակցական «միջանցքներով»:
 
Սա Նիկոլ Փաշինյանի գործունեության հետեւանքների սեղմ նկարագիրն է, մի կողմ թողնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներն ու մեղադրանքները: Նիկոլ Փաշինյանը դրան գնացել է կամավոր, թե պարտադրված, դա նույնպես թողնենք մի կողմ, քանի որ տվյալ պարագային կարեւոր է արդյունքը: Երկու դեպքում էլ նա դադարում է լինել ինքնիշխան ղեկավար, իսկ նման ռեժիմները հայտնի է, թե ինչպես են կոչվում:
 
Հայաստանի ապագայի վերաբերյալ քննարկումներն իմաստավորված են հայկական ինքնիշխանությունը եւ իրավունքները վերականգնելու բացառիկ հիմքով, եւ հենց այս առումով Նիկոլ Փաշինյանը մնացել է անցյալում եւ օբյեկտիվորեն չի կարող բարձրացնել այդ հարցերն իր արտաքին պարտավորությունների ուժով: Իսկ եթե ապագայի վերաբերյալ քննարկումները պետք է ծավալվեն ինքնիշխանության ու իրավունքների վերականգնման հարցը շրջանցելով, ինչ եղել-եղել է՝ տենանք ինչ ենք անում սկզբունքով, ապա դա արդեն կենցաղային խոսակցություն ու ծաղր է դառնում հազարավոր զոհերի ու կորուստների ֆոնին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play