ՀՀ դատական համակարգը խրախուսում է հեղաշրջման փորձերը


ՀՀ դատական համակարգը խրախուսում է հեղաշրջման փորձերը

  • 11-01-2021 14:10:57   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը.
 
Պարոն Սահակյան, բոլորը խոսում են հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթղթի մասին: Վարչապետի խոսնակը հայտարարություն տարածեց, արդյոք սպառվեց թեման, թե, այնուամենայնիվ, կան վտանգներ:
 
Վարչապետի հետ դեկտեմբերի 30-ին կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք մեր այդ մտահոգությունը և պատասխան ստացել, որ հունվարի 11-ին քննարկվելու են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ ներառված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կետի մասին հարցերը, ինչը հետագայում նա հայտնեց իր կամ իր խոսնակի հայտարարությունների տեսքով։ Եթե այլ պատասխան հնչեր, մենք անպայման դրան հրապարակային էլ կանդրադառնայինք։
 
Եղած խոսակցությունները ոմանց կողմից կառավարության ու անձամբ վարչապետի նկատմամբ անվստահություն սերմանելու կամ տարբեր ձեռնածությունների միջոցով նրանց վարկաբեկելու նպատակ ունեն։ Մյուս կողմից, բնական է, որ պատերազմից հետո զգալիորեն նվազել է կառավարության ու կառավարող ուժի նկատմամբ քաղաքացիների վստահությունը։ Այսպիսի պայմաններում, այս մթնոլորտում կառավարելը ընդհանրապես հարցականի տակ է, իսկ արդյունավետ կառավարում իրականացնելը՝ գործնականում անհնար։ Հենց այս վտանգն էր պատճառը, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեռ նոյեմբերի կեսերից պնդում էր, որ լավագույն լուծումը վարաչպետի այլ թեկնածու առաջ քաշելով ԱԺ կողմից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը կարող է լիներ։
 
Ինչ վերաբերում է Մոսկվայում հայկական շահերին չհամապատասխանող փաստաթուղթ ստորագրելու հավանականությանը, ապա դա քիչ հավանական է, ինչը սակայն, հաշվի առնելով 2013-ի սեպտեմբերի 3-ի ԵԱՏՄ մտնելու պարտադրանքի Ռուսաստանի պրակտիկ գործելաոճը, բացառել չի կարելի։
 
Շատերի գնահատմամբ՝ Հայաստանում անիշխանություն է, և կա հեղաշրջման վտանգ: Տեսնո՞ւմ եք այդպիսի վտանգ:
 
Այո, տեսնում եմ։ Այստեղ ես կուզեի խոսել ոչ թե այն հեղաշրջման մասին, որ մենք սովոր ենք պատկերացնել, այլ նրա մասին, ինչ տեսնում ենք։ Մի շարք դրվագներ հուշում են, որ հեղաշրջման փորձերը խրախուսում է դատական համակարգը։ Այն ուղերձ է հղում հեղաշրջման տրամադրված շրջանակներին, թե արեք ինչ ուզում եք, իսկ մենք ձեզ դրա համար չենք դատապարտի։ Մարդը առերևույթ խախտում է ՀՀ օրենսդրությունը, նրա մոտ հայտնաբերվում է ապօրինի պահվող մեծաքանակ զենք-զինամթերք, իսկ դատարանը նրա կալանքը իրավաչափ չի ճանաչում։
 
Տպավորություն է, որ իր ամբողջության մեջ դատական համակարգը վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանից (դատարանների շրջափակման և «վնգստացող դատավորներ» արտահայտության համար (ինչը մենք հետևողականորեն քննադատել ենք)), բայց պատժում է Հայաստանը և նրա յուրաքանչյուր քաղաքացու։ Ո՞վ, եթե ոչ դատական համակարգը պետք է կարևորի արդարադատությունը։ Եթե չկա արդարադատություն, ուրեմն չկա պետություն։ Դա աքսիոմ է։ Հետևությունն այն է, որ դատական համակարգը ազատ ու արդար լինելու փոխարեն վերածվել է քաղաքական, գաղափարական և/կամ նեղ-անձնական շահերով միավորված խմբի՝ կուսակցության։ Եթե վերջին երկու արձանագրումը միացնենք, կստացվի, որ այդ կուսակցությունը ձգտում է վերացնել պետությունը։ Ուշադրություն եմ խնդրում՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ նրա ղեկավարած քաղաքական միավորը, այլ պետությունը՝ վերացնելով երկրի դատարաններում արդարության հասնելու վերջին պատրանքները։
 
Դատավորները, որոնք ներգրավված են քաղաքական գործընթացներում, պետք է հասկանան, որ իրենց այդպիսի գործունեությունը պետության ապագայի համար մեծ վտանգներ է պարունակում, մանավանդ, որ իրենք կարծես այնքան էլ հմուտ չեն քաղաքական հարցերում և պարբերաբար սխալ խաղադրույքներ են կատարում։ Որոշակի դիտանկյունից նայելիս դա կարող է նաև որպես սահմանադրական կարգի տապալման փորձ դիտարկվել։ Փոխարենը, հիմա իդեալական պայմաններ են ստեղծվել ազատ ու արդար դատական համակարգ ստեղծելու համար։ Խնդրեմ, ստացե՛ք ձեր ազատությունը, բայց արդար եղեք ու համոզեք, որ իրականում լավ դատավորներ եք, ոչ թե այն, ինչ մտածում էին նախկին քաղաքական համակարգի դատավորների մասին։
 
Որևէ քաղաքական ուժ պատրա՞ստ է ստանձնել այս իրավիճակի պատասխանատվությունը և հետագա ընթացքը ապահովել:
 
Իրավիճակի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստ ուժերն ու անհատներն այնքան շատ են ու բազմազան, որ նույնիսկ ամաչում ես նրանց հետ նույն շարքում դիտարկվելու վտանգի համար իսկ։ Իսկ եթե լուրջ, ապա ձևակերպված ու ձևավորված ցանկացած ուժ պետք է որ այդ հնարավորությունն ու պատրաստակամությունը իր մեջ տեսնի։
 
ՄԻՊը տեղեկացնում է, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Կապանից Երևան տանող (Մ2) միջպետական ճանապարհով տեղաշարժի ու Կապան քաղաքի մի շարք բնակելի վայրերի համար: Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն այսպիսի խնդիրների լուծման համար և ինչու իշխանությունը դրանք չի լուծում:
 
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության ու դրա հիմքում ընկած հիմնավորումներին ծանոթ չեմ, բայց բազմիցս նշել եմ, որ պետության կազմավորման առաջնային նպատակն ու իմաստը այն ձևավորող քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Բյուջեից զգալի միջոցներ են հատկացվում այդ նպատակի համար, ստեղծվում է բանակ, դիվանագիտական կորպուս, հատուկ ծառայություններ։ Եթե ի վերջո պարզվում է, որ պետությունն ունակ չէ կազմակերպել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, ապա պետության մասին խոսելը կարելի է մեծ վերապահումներով։ Եվ այդպիսի բացթողում թույլ տված կառավարիչները, կառավարությունը պետք է կամ անհապաղ շտկի իրերի դրությունը, կամ տեղը զիջի նրանց, որոնք կարող են դա անել։
 
 
 

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ