Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. քննարկում ԿԳՄՍՆ-ում

18-01-2021 18:51:33   | Հայաստան  |  Հասարակություն



 
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները:
 
Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և նշել. «Մեր հանդիպման նպատակը հատավաճառ գրականության առաքմանն առնչվող խնդիրներն են և քննարկման արդյունքում դրանց հնարավոր լուծումներ տալը: Շատ կարևոր են երկու կողմերի մոտեցումն
ու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»:
 
Քննարկման ընթացքում հրատարակչությունների տնօրենները ներկայացրել են ոլորտում սակագնային փաթեթի բարձրացման ռիսկերը՝ մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակմանը, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:
 
Անդրադառնալով «Հայփոստ» ՓԲԸ-ի նոր սակագներին՝ ընկերության պատասխանատուները ներկայացրել են "M"պարկ միջազգային սակագնային փաթեթը, որը նախատեսված է հրատարակչությունների համար: Նշյալ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով, յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի վճարը՝ 4500 դրամ, ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը՝ 2000 դրամ, իսկ պայմանագիր ունենալու դեպքում՝ սահմանված գնից 20 տոկոս զեղչով:
 
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքման սակագնային փաթեթների վերաբերյալ հանրապետության մյուս հրատարակիչների և գրախանութների համար ապահովել լայն իրազեկում, ոլորտում այլ խնդիրների քննարկման նպատակով ներկա պատասխանատուների հետ կազմակերպել լրացուցիչ հանդիպումներ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար