Կալանավորը թմրամիջոց ձեռք բերելու նպատակով ինքնազգացողության վատթարացման սիմուլյացիայով տեղափոխվել է հիվանդանոց

18-01-2021 18:15:29   | Հայաստան  |  Իրավունք



 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ. Մ.-ն ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու նպատակով սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում
, ինքնազգացողության կտրուկ վատթարացման սիմուլյացիայով շտապ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժշկական զննությամբ չհայտնաբերելով ոչ մի առողջական խնդիր՝ նրան վերադարձրել են հիմնարկ։
 
Այնուհետև հանցավոր մտադրությունն իրականացնելու և ավարտին հասցնելու համար ժամը 00:55-ի սահմաններում կալանավորված անձ Տ. Մ.-ն կրկին ձևացրել է ինքնազգացողության վատթարացում, որի արդյունքում նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հերթական բժշկական զննությունն անցնելուց հետո նրան 04։30-ի սահմաններում վերադարձրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Տ. Մ.-ին, որի ընթացքում վերջինս, չենթարկվելով ծառայողների օրինական պահանջներին, փորձել է դեռևս անհայտ ճանապարհով իրեն փոխանցված և գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին:
 
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.0 և 3.02 գրամ քաշերով երկու առանձնացված փաթեթներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ կեսից ավելին լցված թմրամիջոց ներարկելու համար նախատեսված, անհիդրիդ հիշեցնող թափանցիկ լուծույթով:
 
Այնուհետ հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել վերոնշյալ կալանավորված անձի խուցը, ինչի արդյունքում հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, wi-fi սարք և USB լար:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 348 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար