Հայ-իրանական համագործակցության նոր հեռանկարներ կինեմատոգրաֆիայի ոլորտում
25-01-2021 18:18:46 | Հայաստան | Մշակույթ
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում վերաստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը (գործում է 2017 թվականից):
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը և այլք:
Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ: Այն կարող է նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։
Համաձայնագիրը վավերացրել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային քննարկել են նաև հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը միտված մի շարք համատեղ ծրագրեր, որոնց շրջանակում իրանական կողմի հետ կկազմակերպվեն Հայաստանի մշակույթի ու արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ՝ մշակութային իրադարձությունների աշխատանքային քարտեզի համատեղ մշակման նպատակով: