Ոստիկանները բացահայտել են դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոցների գողության դեպքը


Ոստիկանները բացահայտել են դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոցների գողության դեպքը

  • 25-01-2021 18:58:32   | Հայաստան  |  Իրավունք



Դեպքն անցյալ ամիս էր կատարվել՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Ամանորի գիշերը որոշել էին դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհաճ անակնկալ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին էր: Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին թիվ 22 դպրոցի դռան փականը և, օգտվելով այն հանգամանքից, որ դպրոցի մի մասում նորոգման աշխատանքներ են ընթանում, ըստ նախնական տվյալների՝ երեք լվացարան և 2 հազար 140 ջեռուցման մարտկոց էին գողացել՝ պատճառելով մոտ 13 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։
 
Կատարվածի վերաբերյալ հունվարի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։
 
Դպրոց մեկնած իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը՝ պարզելու, թե որտեղից և ինչ հանգամանքներում է կատարվել գողությունը: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ մարտկոցների մի մասը դեռ տեղադրված չէին: Այդ քայլին գնացողը հավանաբար տեղյակ էր եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, նաև՝ թե մարտկոցները որտեղ են պահեստավորված։ Չէր բացառվում՝ ներսի մարդ լիներ։ Վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու։
 
Քրեական հետախույզները դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գողությունը կատարել էր դպրոցում շինարարական աշխատանք կատարող մի բանվոր՝ կաթսայատան աշխատողի հետ, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը Քասախ գյուղի բնակիչ էր։
 
Իրավապահները հունվարի 9-ին դպրոցի կաթսայատան աշխատակցին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Հետագա միջոցառումներով, համագործակցելով ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, հունվարի 20-ին Գյումրից Երևան բերման ենթակվեց նաև մյուս կասկածյալը, որի «Օպել» մակնիշի մեքենայով էլ տեղափոխել էին ջեռուցման մարտկոցները։
 
Նշենք, որ Քասախ գյուղի 35-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ բուսական զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար: 
 
Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք