Արցախյան վերջին պատերազմում գործածված զինատեսակները


Արցախյան վերջին պատերազմում գործածված զինատեսակները

  • 28-01-2021 15:28:31   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Արցախում 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմի ընթացքում, ի տարբերություն առաջին արցախյան պատերազմի (1988-94), գործածվեցին զգալի քանակի ոչ ռուսական (խորհրդային) զինատեսակներ։ Խոսքը հատկապես Ադրբեջանի մասին է, որը վերջին տարիներին տարատեսակ զենքեր է ձեռք բերել ինչպես Թուրքիայից և եվրոպական երկրներից (Չեխիա, Բրիտանիա, Բուլղարիա), այնպես էլ Բելառուսից, Հարավային Աֆրիկայից և այլ երկրներից։
 
Հայաստանը, ինչպես առաջին արցախյան պատերազմի ժամանակ, այս անգամ ևս իր զինանոցում հիմնականում ուներ ռուսական և խորհրդային արտադրության զինատեսակներ՝ որոշ բացառություններով։ Ըստ Oryx ռազմական բլոգի կողմից պատրաստված ուսումնասիրության՝ խորհրդային և ռուսական զենքերից բացի, հայկական կողմը պատերազմի ժամանակ կիրառել է հարավսլավական արտադրության ականանետեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և չինական արտադրության WM-80 hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), որոնք ձեռք էին բերվել դեռ 1999 թվականին։ 
 
Հրետանի
 
Ի տարբերություն առաջին պատերազմի, որում հիմնական կիրառվող hամազարկային համակարգը «Գրադն» էր, 2020-ի պատերազմի ժամանակ լայնորեն կիրառվեց «Սմերչ» ՀԿՌՀ-ն, որը «Գրադի» ավելի հզոր, հեռահար և ժամանակից տարբերակն է։ «Գրադը» համարվում է աշխարհում ամենալայնորեն կիրառված ՀԿՌՀ-ն։ Այն թողարկվել է 1960-ականների սկզբին և ունի առավելագույնը 20 կմ հեռավորության վրա 40 հատ 122 մմ տրամաչափով հրթիռ կրակելու կարողություն, իսկ «Սմերչը» թողարկվել է 1980-ականներին և ունի առավելագույնը մինչև 90 կմ հեռավորության վրա 12 հատ 300 մմ տրամաչափով հրթիռ կրակելու կարողություն։ Ըստ ռազմական փորձագետ Ռոբ Լիի՝ Արցախի բնակավայրերի խոցման զգալի մասը իրականացվել է «Սմերչի» հրթիռներով։ 
 
Ադրբեջանի կողմից «ՏՈՍ» համակարգը առաջին անգամ կիրառվել էր դեռ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ։ Սա հաստատել էր ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի Պաշտպանության բանակը, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Արցախի դեմ կիրառվել էր ՏՈՍ-1Ա («Սոլնցեպյոկ»), որը ՏՈՍ-1-ի («Բուրատինո») մոդիֆիկացված տարբերակն է։ 2020-ի պատերազմում Ադրբեջանը կրկին կիրառեց այս ծանր հրետանային համակարգը, որի առավելագույն խոցման հեռավորությունը չնայած ընդամենը 6 կմ է՝ կարևոր դեր ունի ռազմական գործողությունների ընթացքում արագ առաջխաղացման համար։ Ըստ հայկական կողմի՝ պատերազմի ընթացքում խոցվել է Ադրբեջանի 6 «ՏՈՍ» համակարգ, սակայն ներկայացվել էր դրանց խոցման ընդամենը մեկ տեսանյութ։ Ադրբեջանն էլ, իր հերթին, հրապարակել էր ԱԹՍ-ով հայկական «ՏՈՍ» համակարգի խոցման մեկ տեսանյութ։
Ադրբեջանը նաև կիրառել է իսրայելական արտադրության LAR-160 ՀԿՌՀ-ն, որը նախկինում կիրառվել էր Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում 2008-ին և Ադրբեջանի կողմից՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ։ 2020-ի պատերազմում Ադրբեջանը LAR-160 ՀԿՌՀ-ի կասետային մարտագլխիկներով հրթիռներ արձակեց Արցախի բնակավայրերի վրա, այդ թվում՝ Հադրութի և Ստեփանակերտի ուղղությամբ (սա արձանագրվել է հենց «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստահավաք առաքելության կողմից)։
 
Պատերազմի ժամանակ կողմերը գործածել են մի շարք այլ զինատեսակներ, որոնք նախկինում չեն կիրառվել Արցախում։ Դրանց թվում է խորհրդային արտադրության հզոր՝ 203 մմ տրամաչափի 2Ս7 «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգը։ Ադրբեջանական կողմից «Պիոն» համակարգերի գործածումը երևում է համացանցում հայտնված և Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած առնվազն մեկ տեսանյութում։ Այս պատերազմում Ադրբեջանը նաև գործածեց չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք ձեռք էր բերել Չեխիայից դեռ 2017-18 թվականներին։
 
Բալիստիկ հրթիռներ
 
Ըստ Oryx բլոգի ուսումնասիրության՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանը շարքից հանել է հայկական կողմի մեկ «Սկադ-Բ» («Էլբրուս») համակարգ։ Խոցված համակարգի նկարներ համացանցում հայտնվեցին պատերազմի ավարտից օրեր անց։ Պատերազմի նախավերջին օրը՝ նոյեմբերի 8-ին, ռուս ֆոտոլրագրող Իլյա Պիտալևը լուսանկարել էր «Սկադի» հրթիռները՝ Քարվաճառի (Քելբաջարի) երկնքում։
 
«Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռները, որոնք ունեն առավելագույնը 120 կմ խոցելու կարողություն, հավանաբար, գործածվել են երկու կողմից էլ։ Հայկական կողմից դրա հավանական գործածման մասին են խոսում համացանցում հայտնված տեսանյութերը և լուսանկարները։ 
 
Պատերազմի վերջում հայկական կողմը նաև գործածեց «Իսկանդեր» հրթիռը, որի կիրառման մասին լայնորեն քննարկվում էր և՛ պատերազմից առաջ, և՛ հատկապես դրա ընթացքում։ Նոյեմբերի 19-ի ասուլիսում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, նշեց. «Ես գիտեմ, որ կրակել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»։ Հայկական կողմից «Իսկանդերի» գործածումը հաստատող տեսանյութ համացանցում հայտնվեց նոյեմբերի 9-ին։ «Իսկանդերը» նախկինում գործածվել է բացառապես Ռուսաստանի կողմից՝ 2008-ի ռուս-վրացական և սիրիական պատերազմների ժամանակ։ «Իսկանդերն» ունի մինչև 280-400 կմ հեռավորության վրա թիրախը մեծ ճշտությամբ խոցելու կարողություն։ Ռուսաստանը չորս «Իսկանդեր» համալիր էր Հայաստանին մատակարարել 2016-ին։ Դրանք 280 կմ շառավղով «Իսկանդեր-Է» մոդիֆիկացիաներն են:
 
2020-ի պատերազմում նաև առաջին անգամ աշխարհում կիրառվեց առնվազն երեք զինատեսակ՝ իսրայելական LORA բալիստիկ հրթիռը, բելառուսական արտադրության «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն և թուրքական TRG-300 «Քասիրգա» ՀՌԿՀ-ն: Բելառուսը 2018-19 թթ. Ադրբեջանին էր մատակարարել 10 «Պոլոնեզ» համալիր, իսկ Թուրքիան 2015-16 թթ.՝ 20 «Քասիրգա» համալիր։ Իսրայելն էլ 4 LORA համալիր էր մատակարարել Ադրբեջանին 2017-18 թվականներին։
Այս պատերազմում LORA-ի գործածման թերևս ամենանշանակալի դեպքը Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքում՝ Աղավնո գյուղի մոտ գտնվող կամուրջի խոցումն էր։ Այս մասին է փաստում հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութը։ Սա LORA-ի՝ աշխարհում առաջին կիրառումն էր ռազմական գործողությունների ժամանակ։
Ադրբեջանի կողմից «Պոլոնեզի» և «Քասիրգայի» գործածման մասին բազմիցս հայտարարել է հայկական կողմը, այդ թվում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հոկտեմբերի 24-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքների լուսանկարներ։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ դրանք, ըստ նախնական տեղեկությունների, «Պոլոնեզով» հասցված հարվածների հետևանք են։ Նոյեմբերի սկզբին ռուսական WarGonzo նախագիծը հայտնեց, որ Ադրբեջանը խոցել է Շուշիի բնակելի հատվածը «Պոլոնեզով»։ Պատերազմի ժամանակ նաև հայտնի դարձավ, որ Բելառուսը Ադրբեջանին է մատակարարում «Պոլոնեզի» հրթիռներ։ 
 
Ավիացիա
 
Այս պատերազմում նաև գործածվեցին թուրքական F-16 կործանիչներ, որոնց՝ Ադրբեջանի տարածքում առկայության մասին փաստեցին արբանյակային լուսանկարները։ Ըստ այդ լուսանկարների, թուրքական կործանիչները հոկտեմբերի դրությամբ առկա էին Գյանջայում և Գաբալայում։ Դրանք Ադրբեջան էին տեղափոխվել պատերազմից առաջ՝ հուլիս-օգոստոս ամիսներին, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ։ Ըստ հայկական կողմի՝ այդ կործանիչները վարել են Թուրքիայի օդուժի օդաչուները: Այդուհանդերձ, F-16 կործանիչների մարտական կիրառման ապացույցներ կամ անկախ աղբյուրներից դրանց հաստատումներ չկան:
 
Անօդաչու թռչող սարքեր
 
2020-ի պատերազմի առանձնահատկություններից էր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լայն կիրառումը Ադրբեջանի կողմից։ ԱԹՍ-ների կամ դրոնների գործածումը այնքան կարևոր դեր ուներ այս պատերազմի ընթացքում, որ որոշ մեկնաբաններ այն անվանեցին «առաջին դրոնային պատերազմ» կամ «առաջին միջպետական դրոնային պատերազմ»։
ԱԹՍ-ների գործածումը գրեթե ամբողջությամբ միակողմանի էր Ադրբեջանի կողմից։ Այդ երկրի զինանոցում առկա են իսրայելական և թուրքական դրոններ։ Ամբողջ պատերազմում թերևս ամենանշանակալից դերն ուներ թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» հարվածային ԱԹՍ-ն։ Ըստ ռուսական հետախուզության, ԱԹՍ-ների շուրջ 20 թուրք օպերատորները հուլիս-օգոստոս ամիսներին տեղակայվել էին Գյանջայի մոտ գտնվող Դալյարի ավիաբազայում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պատերազմի ողջ ընթացքում գործածվել է 6 կամ 10-ից ավել «Բայրաքթար» ԱԹՍ։ Այս դրոնը Թուրքիան հաջողությամբ գործածել է նաև Սիրիայում և Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմներում։
Ադրբեջանի կողմից գործածված մյուս նշանակալի ԱԹՍ-ների շարքում են իսրայելական «Հարոպը» և Sky Striker-ը, որոնք, այսպես կոչված, «կամիկաձե դրոններ» են։ «Հարոպը» շատ արդյունավետ կիրառվեց հայկական հակաօդային ուժերի դեմ՝ սովետական «ԱՆ-2» փոքր ինքնաթիռների «անօդաչուացված» մոդիֆիկացիաների հետ: Վերջիններս օգտագործվում էին որպես խայծ՝ ՀՕՊ դիրքերի բացահայտման նպատակով, իսկ «Հարոպը» հետևում էր առաջինին և խոցում տեղակայումը մատնած հակաօդային ուժերին:
 
Հայկական կողմից ԱԹՍ-ների գործածումը եղել է սահմանափակ։ Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ խոցել են մեկ X-55 հայկական արտադրության ԱԹՍ և Բզեզ տեսակի «կամիկաձե դրոն»։ Պատերազմի վերջին հատվածում հայկական կողմը գործածել է նաև ռուսական արտադրության «Օռլան-10» ԱԹՍ-ն։ Այս տեսակի դրոններ կան Գյումրու ռուսական ռազմաբազայում (2015 թվականից) և այժմ գործածվում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների կողմից՝ հրադադարը վերահսկելու նպատակով։ 
 
Չհաստատված
 
Պատերազմի ընթացքում պնդումներ եղան նաև այլ զինատեսակների կիրառման մասին։ Դրանք, սակայն, որևէ կերպ չեն հաստատվել։ Այսպես, հոկտեմբերի վերջին avia.pro կայքը գրեց, թե իբր Ռուսաստանը սկսել է խոցել Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները՝ գործածելով «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգեր։ Այս լուրը վերահրապարակվեց Asia Times կայքի կողմից, սակայն մինչ օրս այն որևէ կերպ չի հիմնավորվել։ 
 
Հոկտեմբերի 20-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդեց, որ իրենք ոչնչացրել են հայկական զինուժի երկու «ՅԱՐՍ» համակարգ։ Դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր չունի։ Ավելին, անհասկանալի է, թե ինչու Հայաստանը պետք է ունենա «ՅԱՐՍ» համակարգ, եթե այն խոցում է 10-12 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ։
 
Նոյեմբերի 19-ի ասուլիսում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պնդեց, որ Արցախում կիրառվել է «Պոլե 21» ՌԷՊ համակարգը, որը մոտ 4 օր «Բայրաքթարների» թռիչքն Արցախի տարածքում սահմանափակել է, սակայն հակառակորդը կարողացել է շատ արագ կառավարման համակարգը փոխել ու նորից օգտագործել թուրքական այդ ԱԹՍ-ները։ Հակոբյանի հայտարարությունը հիմնավորող որևէ ապացույց բաց աղբյուրներում առկա չէ։
 
Հովհաննես Նազարեթյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն