Հայտնի են ամենամյա գիտական լրագրության մրցույթի 2020թ․ մրցանակակիրների անունները
30-01-2021 13:52:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր հայտնի դարձան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի 2020թ․ մրցանակակիրների անունները։
Մրցանակները տրվում են 3 անվանակարգում։ Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վահրամ Հովհաննիսյանը (regst.net), լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ անվանակարգում Ռուզաննա Մկրտչյանը (Ա1+ ՀԸ)։ Ինչ վերաբերում է ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակին, ապա այս տարի որոշում կայացվեց այն շնորհել Զավեն Պետրոսյանին («Կրթություն» շաբաթաթերթ, artiknews), ով թեև մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն ակտիվ է աստղագիտության հանրայնացման գործում։
Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է նաև դրամական մրցանակ` 70,000 ՀՀ դրամ։ Մրցանակների հանձնման արարողության մասին մրցանակակիրները կտեղեկացվեն առանձին։
Նշենք, որ դիտարկվել են միայն 2020թ.-ի ընթացքում հրապարակված հեղինակային աշխատանքները։ Մրցույթը բաց էր ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, պարբերաբար անց է կացնում գիտական լրագրության ոլորտի վերաբերյալ մրցույթներ՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսելու այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Հուսանք, որ այս և հաջորդ տարիներին մրցույթն առավել մեծ տարածում կգտնի՝ գիտական լրագրության ոլորտ բերելով ավելի շատ լրագրողների։