«Պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդը լսելու». Հայկ Մարության


«Պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդը լսելու». Հայկ Մարության

  • 30-01-2021 14:40:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: 
 
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ կրթություն և պատրաստել աշխատաշուկայի պահանջները բավարարող բարձրակարգ մասնագետներ:
 
«Համալսարանի և քաղաքապետարանի միջև ավանդաբար ձևավորված համագործակցության ընդլայնումը կարևորվում է ոչ միայն ճարտարապետության, այլև շինարարության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում: Համալսարանը պատրաստ է իր մասնագետների և տեխնիկական հնարավորություններով նպաստել քաղաքի զարգացմանը»,- նշել է ռեկտորը:
 
Խոսելով երկու կառույցների համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության նշված ոլորտներն անչափ կարևոր են քաղաքի զարգացման համար, և վստահեցրել, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության ընդլայնման գործում:
 
«Իրականում մեծ են մեր համագործակցության եզրերը՝ սկսած նրանից, որ մենք կարող ենք ասել՝ ինչ իրական խնդիրներ ունենք և ըստ այդ գնահատականի հասկանանք, թե ինչ մասնագետներ է պետք պատրաստել, վերջացրած նրանից, որ դուք մեզ առաջարկեք, թե ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը: Միշտ պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդ լսելու, իրականացնելու և միասին աշխատելու: Մեր հիմնական նպատակը՝ այն վիճակից, որում այսօր հայտնվել է քաղաքը, շարժվենք առաջ։ Մեր նիշը պետք է եվրոպական քաղաքները լինեն: Մեծ ճանապարհ ունենք անցնելու, բայց, վստահ եմ, որ կարող ենք անցնել...»,- ընդգծել է քաղաքապետը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն