Սեթ Գոդին, Սթիվեն Հոքինգ, Նասիմ Թալեբ. 2021-ին ընթերցողի դատին կներկայացվեն նոր գրքեր


Սեթ Գոդին, Սթիվեն Հոքինգ, Նասիմ Թալեբ. 2021-ին ընթերցողի դատին կներկայացվեն նոր գրքեր

  • 02-02-2021 10:40:36   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
 
Հայ ընթերցողի դատին ամբողջ 2021 թվականի ընթացքում կներկայացվեն ինքնատիպ նոր գրքեր: «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ ընթերցողների սեղանին կդրվեն ոչ միայն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանություններ, այլև հայ հեղինակների գործեր՝ տարբեր մատենաշարերով: 
 
Մասնավորապես, շուտով ընթերցողի սեղանին կհայտնվի Ռոբերտ Մուզիլի «Հինգ կին», Օնորե դը Բալզակի «Գնդապետ Շաբեր», Ջոն Քութզիի «Բարբարոսներին սպասելիս», Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը», Ժոզե Սարամագուի «Ավետարան ըստ Հիսուսի», Նիկոս Կազանձակիսի «Քրիստոսը կրկին է խաչվում», Բրեմ Սթոքերի «Դրակուլա», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ», Մարիոս Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» և այլ գրքեր: 
Տարվա ընթացքում հանրությանը կներկայացվեն նաև մեկ այլ մեծածավալ աշխատություն՝ Նասիմ Թալեբի Incerto շարքի 5 գրքերը: Շարքը կբացի «Սև կարապը» ստեղծագործությունը: Թալեբի շարքը հայ ընթերցողին է ներկայացվում «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:
 
Հայ հեղինակներից շուտով կրկին կներկայացվի Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը՝ այս անգամ «Արգելված գրքեր» մատենաշարով: Նաև նախատեսվում է հայ դասական գրողների գործեր ներկայացնել նոր խմբագրությամբ ու հրատարակությամբ: 
 
Հրատարակչությունը, հավատարիմ մնալով հայ գործարարներին միջազգային փորձի հիման վրա կրթելու իր առաքելությանը, ընթերցողի դատին կհանձնի Նյու Յորք Թայմսի և Ուոլ Սթրիթ Ջուրնալի վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» համաշխարհային ճանաչում վայելող գրքերը: 
Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը նույնպես այս տարի հասանելի կլինի ընթերցողներին: 
 
Սա հրատարակչության լույսընծայվելիք գրքերի ամբողջական ցանկը չէ: Հայ ընթերցողներին սպասվում են նաև այլ անակնկալ հրատարակություններ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր