Առաջիկա օրերին երկրաշարժներ կլինեն. ԱԻՆ


Առաջիկա օրերին երկրաշարժներ կլինեն. ԱԻՆ

  • 06-02-2021 12:10:41   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին տեղական ժամանակով 19:36-ին Հայաստանի Հանրապետության Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել էր 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
 
Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը (11։00 դրությամբ), որից 5 հատը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը):
 
Անհրաժեշտ է նշել, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում` 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր:
 
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ, ԱՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Կապված վերը նշված սեյսմիկ իրադարձությունների հետ, առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը։ Կատարվել են երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն:
 
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:
 
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում, և իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն