Քոչարյանի ակնարկը Պուտինին. ով ում դերում է հայտնվել


 

Քոչարյանի ակնարկը Պուտինին. ով ում դերում է հայտնվել

  • 08-02-2021 10:50:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Lragir.am  Ռուս հայտնի քաղտեխնոլոգ եւ դրամատուրգ Ստանիսլավ Բելկովսկին Էխո Մոսկվի ռադիոկայանի իր հեղինակային հաղորդմանը շաբաթվա սենսացիա է որակել ՀՀ նախկին նախագահ եւ Պուտինի հնամենի ընկեր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Նավալնին ու Նիկոլ Փաշինյանը նույնն են: Բելկովսկին համարում է, որ դա ակնարկ է Պուտինին, որ Նավալնին փողոցի միջոցով հասնելու է իշխանության եւ բանտարկի իրեն, սակայն այն բանից հետո, երբ Ղրիմին վտանգ սպառնա, այդ ժամանակ ազատ է արձակելու նրան այդ պատրվակով (Ղարաբաղ-Քոչարյան զուգահեռով. խմբ):
 
Բելկովսկին հայտնի է իր «ֆանտասմագորիաներով», տվյալ պարագայում դրա համար առատ նյութ են Քոչարյանի բավական անհամարժեք պատկերացումները քաղաքական իրողությունների վերաբերյալ:
 
Տվյալ պարագայում խնդիրը համեմատության սուբյեկտներն են: Բանն այն է, որ ընթացիկ քաղաքական իրողություններում նույն դերում են հայտնվել Նավալնին ու Քոչարյանը: Ներկայում Նավալնիի հետ կապված պատմությունը եւ նրա գործոնը ծառայեցվում է որպես Ռուսաստանում իշխանության տրանզիտի վտանգավոր փուլում Պուտինի շուրջ ներիշխանական կոնսոլիդացիայի միջոց: Իր հերթին, Հայաստանում ներկայում Քոչարյանի գործոնը դառնում է Փաշինյանի շուրջ ներքին կոնսոլիդացիայի միջոց՝ նրան իշխանության պահելու Պուտինի որոշման շրջանակում: Պատահական չէ, որ երբ Քոչարյանը հայտարարեց «իր դեմքով» մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրության կարիք չկա:
 
Նույն այդ հարցազրույցում Քոչարյանը մեկ այլ անհամարժեք հայտարարություն էր արել, թե Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է ռուսական պրոտեկտորատի, թեեւ ռուսական պրոտեկտորատը պաշտոնապես ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, իսկ դե ֆակտո՝ 2015-ից՝ Թուրքիայի հետ հավասար կիսվելու քաղաքական նոր կուրսի հռչակմամբ:
 
Իսկ Ղրիմի հարցում հեռանկարները լիովին իրական են, անկախ նրանից, թե ով է Ռուսաստանում իշխանության: Ռուսաստանի ներկայիս քաղաքականության տրամաբանությունը հանգեցնելու է Ղրիմում ուկրաինա-թուրքական համատեղ կենտրոնով «մոնիտորինգին», հեռանկարում Թուրքիայի կամ Ուկրաինայի լիակատար վերահսկողության սահմանմամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն