39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ իր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով


39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ իր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

  • 08-02-2021 17:25:48   | Հայաստան  |  Իրավունք

 
2021 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 15։30-ին, «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել մասին, որ «կրծքավանդակի, պարանոցի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 36-ամյա բնակչուհի:
 
Նույն օրը՝ ժամը 15։45-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ վերը նշված բնակարանից «սրտի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ։
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը  ստացվել է ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։
 
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, վերոնշյալ բնակարանում 39-ամյա տղամարդը դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել իր 36-ամյա կնոջը, այնուհետև նույն դանակով վնասել իրեն։
 
39-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:
 
2021 թ. փետրվարի 6-ին որոշում է կայացվել 39-ամյա տղամարդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք