Երևանում 51-ամյա տղամարդը շնչահեղձ է արել մորը. գործի նախաքննությունն ավարտվել է


Երևանում 51-ամյա տղամարդը շնչահեղձ է արել մորը. գործի նախաքննությունն ավարտվել է

  • 09-02-2021 19:40:43   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 26-ի ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա 09:40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը, մոր հետ միայնակ գտնվելով իրենց բնակարանում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ալկոհոլային հարբածության վիճակում բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որն առողջական խնդիրների պատճառով  գտնվում էր անկողնային պայմաններում, այնուհետև ձեռքերով սեղմելով նրա բերանի և պարանոցի օրգանները, մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել է մորը:   
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք