Տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրանյութ, տնից` զինամթերք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը
10-02-2021 11:52:06 | Հայաստան | Իրավունք
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրել են փետրվարի 6-ի երեկոյան: Ժամը 18.50-ին մայրաքաղաքի Անդրանիկ Իոսիֆյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել նույն փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ` իր «Մերսեդեսով» հանդերձ:
Նրա մոտից հայտնաբերվել է «Լիրիկա» հոգեներգործուն դեղահաբ և պլաստիկ տարա` «մետամֆետամին» տեսակի թմրանմիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվել է:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նաև խուզարկություն է կատարվել ձերբակալվածի բնակության վայրում: Հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակի գազաբալոններ ու «Մակարով» ատրճանակի փամփուշտներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: