Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում. օրինագիծը պատրաստ է ու հրապարակվել է ԱԺ կայքում


Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում. օրինագիծը պատրաստ է ու հրապարակվել է ԱԺ կայքում

  • 17-02-2021 11:20:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, ինչից հետո Արցախի պաշտոնական լեզու կսահմանվի ոչ միայն գրական հայերենը, այլև ռուսերենը։ Օրինագիծն արդեն հրապարակվել է Ազգային ժողովի կայքում:
 
Փոփոխություններն ընդունելուց հետո նշվելու է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։
 
Փոփոխություններ են նախատեսված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում։
 
«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը՝ կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը:
 
Այս համատեքստում առաջնահերթ է համարվում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:
 
Հենց այս նկատառումներով է թելադրվում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն