ՔԿ-ն «ՄՍ-Շինարարներ»-ի տնօրենի գործողություններից տուժածներին խնդրում է դիմել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին


ՔԿ-ն «ՄՍ-Շինարարներ»-ի տնօրենի գործողություններից տուժածներին խնդրում է դիմել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին

  • 17-02-2021 13:30:13   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ընկերության տնօրենը, որը 2011 թ. Երևան քաղաքի Ֆուչիկի 6/1-րդ հասցեում սկսել էր բազմաբնակարան շենքերի «Ա» և «Բ» համալիրների կառուցումը, շենքերի ընդհանուր 250-270 քմ մակերեսով եվրոպատուհանները տեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպատուհանների արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի հետ, որի հետ ծանոթացել էր իր ծանոթի՝ Երևանի 34-ամյա բնակչի հետ, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ՍՊ ընկերության տնօրենի որդու մտերիմ ընկերը:
 
Պայմանավորվածության արդյունքում ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ պատուհանների տեղադրումը, սակայն «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենը, չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց, 2016թ. ապրիլից շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո, 34-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, ՍՊ ընկերության տնօրենից առանձնապես խոշոր չափերի գումարը խարդախությամբ հափշտակելու և վաճառքի ենթակա բնակարանը 34-ամյա տղամարդու անվամբ ձևակերպելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հավելյալ 20.000 ԱՄՆ դոլար վճարի դիմաց Ֆուչիկի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում նրան տրամադրել 21.687.300 ՀՀ դրամին համարժեք 45.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան:
 
Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ-ի ապրիլի 5-ին ԲԲ ընկերության տնօրենի և ՍՊ ընկերության տնօրենի կնոջ միջև կնքվել է առուվաճառքի նախնական պայմանգիր, որից անմիջապես հետո իր գրասենյակում «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենը ՍՊ ընկերության տնօրենից առձեռն ստացել է 9.638.800 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլարը` պարտավորվելով մինչև նույն թվականի մայիսի 31-ը տրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը:
 
Շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը` 2016թ. ապրիլից մինչև 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով ձգձգելով սեփականության իրավունքի վկայականի տրամադրումը, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարելու պատրվակով «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենը և ծանոթը ՍՊ ընկերության տնօրենից պահանջել և մաս-մաս ստացել են ևս 12.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև 34-ամյա տղամարդու կողմից անձամբ բնակարանի սեփականաշնորհմամբ զբաղվելու պատրվակով վերջինիս միջոցով վերցրել են առուվաճառքի նախնական պայմանագրի բնօրինակը` ՍՊ ընկերության տնօրենին և կնոջը զրկելով բնակարանը ձեռք բերելու հնարավորությունից, որը շուկայականից անհամեմատ էժան գնով` 4.443.410.00 ՀՀ դրամով, 2019թ. հոկտեմբերի 9-ին գնվել է 34-ամյա տղամարդու կողմից՝ ամուսիններին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենին և նրա 34-ամյա ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
 
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, տուժել են վերոնշյալ ԲԲ ընկերության տնօրենի գործողություններից, խնդրում ենք դիմել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ զանգահարել (010) 39- 17-23  հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Իրավունք