Արցախում ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով


 

Արցախում ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

  • 18-02-2021 18:39:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

 
Փետրվարի 12-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
 
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն են ներկայացվել դիմումատուի բողոքը և հաղորդման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները` բողոքաբերի ներկայացրած դեպքի հանգամանքները պարզելու համար:
 
«Ներկայացված հաղորդման հիման վրա 15.02.2021 թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որից մեկը ձերբակալվել է:
 
Միաժամանակ հայտարարում ենք, որ ԱՀ դատախազությունը և ողջ իրավապահ համակարգը պատրաստակամ են վճռական պայքար տանելու խոշտանգման դեպքերը  բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում` պատշաճ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- հայտնում են ԱՀ դատախազությունից:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք