Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և Երևանի քաղաքապետարանի ևս երկու պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
18-02-2021 18:47:25 | Հայաստան | Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009 թ. հուլիսի 6-ից մինչև 2011 թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018 թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:
Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:
Այնուհետև, 2012 թ., Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ մակերեսով հողատարածք, որից 575 քմ մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014 թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Հետագայում, 575 քմ և 863,34 քմ մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: