Արցախյան շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. Արցախի ԱԺ խմբակցությունների ուղերձը


Արցախյան շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. Արցախի ԱԺ խմբակցությունների ուղերձը

  • 20-02-2021 12:30:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել համայն հայությանը արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով
 
«Սիրելի΄ հայրենակիցներ,
 
Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ:
 
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով:
1988 թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը:
 
Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հայկական աշխարհում ամեն մի իրադարձություն վերջին 33 տարիների ընթացքում մեկնարկեց և իրագործվեց Արցախից ստացած գաղափարական ներուժով և լիցքով:
 
Արցախը վերարժևորեց հայի արժանապատվությունը և ապրելու կամքն ու վճռականությունը: Հայն այլևս ցեղասպան չէր պատկերվում աշխարհին: Արցախյան ազատագրական պայքարը վերածնեց հային:
 
Ավա՜ղ, Արցախի Հանրապետությունն այսօր վիրավոր է: Վիրավոր են յուրաքանչյուր հայի ոգի ու ինքնասիրություն: Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր մեզ, իսկ դարանակալ ոսոխին նախապատրաստել պատուհասելու մեր գլխին նոր արհավիրքներ:
 
2020 թվականի արյունոտ աշնան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հայրենիքի 3/4-րդը և մի ողջ սերունդ: Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չեն տվել հուսահատվել: Փետրվարյան վերածննդի շունչը, որը սերմանեց պայքարի ոգի, և մեր հայրենիքի, մեր պետականության համար թափված արյունն ու քրտինքը չպետք է թույլ տան մեզ ընկրկելու: 
 
Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը, պահն է մեր պատժիչ բռունցքը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր կցանկանան թերաժևորել մեզ և ոտնահարել մեր իրավունքները:
 
Փետրվարյան խիզախությունը պետք է մեր ուղեկիցն ու ռահվիրան դառնա և մեզ փոխանցի այն ոգին, որով, անկասկած, վերակենդանանալու և կերտելու ենք մեր հաղթական ապագան:
 
 
Կրկին շնորհավորելով բոլորիս հիշարժան տոնի կապակցությամբ՝ մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի և Արցախի Հանրապետության:
 
Թո՛ղ փետրվարյան զարթոնքի օրերը նոր վերածննդի էջ բացեն Արցախի պատմության հերոսական մատյանում»,- ասված է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների շնորհավորական ուղերձում:
Նոյյան տապան  -   Հասարակություն