Հրատապ. կոչ ենք անում բոլորին, այդ թվում՝ զինվորական ղեկավարությունը՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը


Հրատապ. կոչ ենք անում բոլորին, այդ թվում՝ զինվորական ղեկավարությունը՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը

  • 25-02-2021 16:11:16   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գնահատում ենք որպես հակասահմանադրական, ներքաղաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի եւ սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական եւ ծանր սպառնալիքներ է առաջացնում Հայաստանի համար: Այդ հայտարարությունը ավելի է բարդացնում երկրի ծանր դրությունը:
 
Կոչ ենք անում բոլորին, այդ թվում՝ զինվորական ղեկավարությունը՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը, բանակն ու զինված ուժերը զերծ պահել ներքաղաքական գործընթացներից եւ չմիջամտել քաղաքական զարգացումներին:
 
Վերագնահատելով ստեղծված դրությունը՝ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ լինել շրջահայաց եւ պատասխանատու, անհապաղ սկսել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների գործընթաց եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու ժողովրդի ազատ եւ արդար կամարտահայտումը: 
 
Կարեւորելով խորհրդարանական պետության համակարգը՝ խորհրդարանական ուժերից պահանջում ենք հրավիրել ԱԺ հրատապ նիստ՝ քննարկելու ստեղծված դրությունը, Գլխավոր շտաբի հայտարարությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումները, եւ հայտարարարել արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցը:
 
ՀՀ վարչապետից պահանջում ենք զուսպ, հավասարակշռված եւ պատասխանատու լինել հրապարակային խոսքում եւ գործողություններում։
Քաղաքական ուժերին կոչ ենք անում քաղաքական զսպվածության․ բացառել տեւական ժամանակ շարունակվող բռնության գործադրման, քաղաքական կյանքում բռնությունը եւ անօրինականությունը որպես մեթոդ կիրառելու տրամադրությունների տարածումը եւ հայտարարությունները: Այդ մեթոդաբանությունը իսպառ մերժելի եւ դատապարտելի է:
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն, պատրաստ լինել պաշտպանելու ժողովրդավարական սկզբունքները և սեփական ազատությունները:
 
 
 
Լեւոն Բարսեղյան
 
Արթուր Սաքունց
 
Ստեփան Գրիգորյան
 
Սոնա Այվազյան
 
Դանիել Իոաննիսյան
 
Գենյա Պետրոսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք