Հայրենիքի փրկության շարժումը ԱԺ-ից կպահանջի քննարկել 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի եւ Արցախի ճանաչման հարցերը

26-02-2021 11:36:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am Հայրենիքի փրկության շարժումը Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո փակել է Բաղրամյան պողոտան եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը կարող է արվել ԱԺ-ի միջոցով։ ԳՇ հայտարարությունը կատալիզացրել է ներքաղաքական դիմակայությունը եւ հասցրել «հանգուցալուծման եզրին»։
 
Լուծվում է պարզ իշխանության
հա՞րց, թե ավելի կարեւոր մի բան։ Ակնհայտ է, որ եթե արտաքին խաղացողները լուրջ են վերաբերում Հայաստանի գործոնին, որովհետեւ նույնիսկ ներկայում այդ գործոնն իսկապես լուրջ է, ներքին դիմակայության կողմերը չունեն հստակ ու ամբողջական պատկերացում, համենայնդեպս դատելով հրապարակային ելույթներից։
 
Դրա վկայությունն այն է, որ նոյեմբերի 9-ից հետո ամիսներ են անցել, սակայն ներքին դիմակայության կողմերն այդպես էլ չեն անդրադարձել ազգային-պետական հիմնախնդիրներին, ավելին՝ խնամքով ու գիտակցաբար խուսափել են դրանից։ Այս առումով, նրանց դիրքորոշումները չեն տարբերվում ռուս-թուրքական տանդեմի դիրքորոշումից։
 
 
Այս պայմաններում, ներքին դիմակայությունը զուտ իշխանության համար պայքարի շրջանակում ոչ միայն Հայաստանն ավելի է հեռացնում իր հիմնախնդիրներից, այլեւ անշրջելի է դարձնում բազմաթիվ հանգամանքներ, միեւնույն ժամանակ նույն իշխանության համար պայքարը դարձնելով արտաքին մանիպուլյացիաների պարարտ միջավայր ու հնարավորություն։
 
Հայաստանի իշխանության հարցը աշխարհքաղաքական լուրջ խնդիր է, ինչի վկայությունն այն է, որ իշխանության անցումը տարբեր ժամանակաշրջաններում ուղեկցվել է արյունահեղություններով ու ներքին ցնցումներով, ամեն անգամ թուլացնելով երկրի իմունիտետը։ Եվ առաջնային պատճառը ներքին գործընթացների մասնակիցների բնույթն ու մոտիվացիան է եղել, որոնք թույլ են տվել նման իրավիճակները։
 
Ընդ որում, ներքին դիմակայությունը եղել է ապաքաղաքական ու ապագաղափարական, եւ միակ «օրակարգային-գաղափարական» տարբերությունը 1995-ից ի վեր եղել է «մենք ավելի լավ կանենք»-ը։ Վերջին երկու ամենավառ դեպքերը՝ մենք ավելի լավ կմտնեինք ԵՏՄ, կամ մենք ավելի լավ կիրագործեինք եռակողմ հայտարարությունը։ Հայաստանը մահվան տանող պրոցեսները լավ կամ վատ անելու տարբերությունը ո՞րն է։
 
Բաղրամյան պողոտան փակած փրկության շարժումը կարո՞ղ է խախտել այս ավանդույթը։ Օրինակ, Նիկոլի հրաժարականի պահանջին զուգահեռ Ազգային ժողովից պահանջել քննարկել 1921 թ․ ռուս-թուրքական արյունոտ պայմանագրերի հարցը, Արցախի վերամիավորման կամ ճանաչման հարցը։ Ներկայում բոլորին է պարզ, որ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիան եւ հետպատերազմյա «կարգավորումները» մարտի 16-ի շարունակությունն են, եւ հենց մարտ 16-ով եւ Արցախի ինքնիշխանության ճանաչման վտանգով է պայմանավորված նաեւ Հայաստանի ներքին իրավիճակն ապակայունացնելու ձգտումը:
 
Հայրենիքի փրկության շարժումը կարող է գործել իր անվանը համահունչ, կամ այդ անունը կդառնա
ճակատագրի հեգնանքը։ Տպավորություն կա, որ այստեղ նվազագույն պատկերացում անգամ չունեն, թե ինչ մասշտաբի գործընթացի մեջ են իրենք, եւ որն է դրա տրամաբանությունը։ Միեւնույն ժամանակ, դա չի խանգարում բարձրացնել ազգային-պետական հիմնախնդիրները՝ կանխելու համար այս աղետալի ընթացքը։ Միայն այդպիսով է իմաստավորվում ներքաղաքական պայքարը։
 
Խնդիրը շատ պարզ է, պատասխանատվությունը նույնպես։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ Հայաստանը դեռ պահպանում է բավական մեծ հնարավորություններ՝ նույնիսկ թշնամանքի սահմանը հատած Ռուսաստանի ու նրա դաշնակիցների՝ Բաքվի ու Անկարայի հետեւողական գործողությունների պայմաններում:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 91 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար