«Զվարթնոցի» նմուշառման կետում առանց թեստավորման՝ միայն վճարման կտրոն ունենալով՝ թույլ են տվել հեռանալ

26-02-2021 15:25:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայկական ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում ժամանող քաղաքացիներին պարտադրել են վճարել ու կտրոն վերցնել՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար, բայց առանց թեստավորելու թույլ են տվել հեռանալ՝ պատճառաբանելով, որ վերջիններս սնունդ են ընդունել, եւ նմուշառումն իմաստ չունի։
 
Խոսքը փետրվարի 18-ին Եգիպտոսից Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացիների մասին է։ Ուղեւորներից Նաիրա Խաչիկյանը «Հայկական ժամանակին» պատմեց, որ նախքան կհանդիպեին օդանավակայանն առանց թեստավորման չլքելու պահանջին՝ ինքնաթռիում իրենց լրիվ այլ բան էին ասել, բաժանել թղթեր, որոնց վրա գրված է եղել՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ մուտք գործող անձինք կա՛մ պիտի սահմանված ժամկետում վավեր նմուշառման պատասխան ներկայացնեն, կա՛մ ինքնամեկուսացվեն։
 
Խաչիկյանի խոսքով՝ Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթն իրականացնող Air Cairo ընկերության ներկայացուցիչներն էլ ինքնաթիռում սնունդ մատակարարելիս չեն զգուշացրել, որ վայրէջքից հետո թեստավորվելու պարտադիր պահանջ կա, ու եթե չեն ուզում հավելյալ մի քանի ժամ սպասել, ապա պիտի սնունդ չընդունեն։
 
«Ամուսնուս ու անչափահաս երեխայիս հետ էինք, գնացինք, ամեն մեկիս համար 15 հազար դրամ վճարեցինք, կտրոն քաշեցինք, որ թեստ հանձնենք։ Բայց նմուշառման կետերում հենց իմացան, որ սնունդ ենք օգտագործել, ասացին՝ իմաստ չունի։ Հարցրի, իսկ ո՞նց անենք, որ դուրս գանք։ Ասացին՝ երեք ժամ պիտի սպասեք։ Դե, մենք էլ բողոքեցինք, որ փոքր երեխայի հետ ենք, մեզ նախապես չեն զգուշացրել․․․: Հարցրին՝ վճարե՞լ եք, կտրոն ունե՞ք, արագ ցույց տվեք անցակետում ու գնացեք»,- պատմեց նա։
 
Խաչիկյանների ընտանիքի երեք անդամներն այդպես էլ արել են. վճարելով 15-հազարական դրամ՝ առանց թեստավորվելու հեռացել են։ Ըստ մեր զրուցակցի՝ համատարած անուշադրություն ու անպատասխանատվություն է տիրում օդանավակայանում․ «էնտեղ կարեւոր է, որ 15 հազար դրամ վճարած լինես,
կտրոնը ոստիկաններին ես ցույց տալիս, հանգիստ բաց են թողնում»։
 
Նրանք տուն գնալուց անմիջապես հետո թեստավորվել են՝ կրկին 15 հազար դրամական վճարելով։ «Եթե իսկապես մեր առողջության մասին են մտածում, պիտի նորմալ վերահսկողություն իրականացնեն, ոչ թե գումար կլպեն, իսկ եթե պարզապես փող հավաքելու պլան է դրված իրենց վրա, դա ուրիշ հարց է։ Հա, մեր բախտը բերեց, կանխիկ գումար ունեինք, վճարեցինք, դուրս եկանք, մարդիկ կային՝ գումար չունեին, ու այդ մարդիկ, տեղյակ չլինելով, փաստի առաջ էին կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը։
 
Խաչիկյանների ընտանիքը նաեւ մեր ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա՝ ինքնաթիռում իրենց թերթիկներ են բաժանել, որտեղ գրված է եղել յուրաքանչյուրի անձնական տվյալները (անուն, ազգանուն, անձնագրի համար, բնակության վայր, ինքնաթիռում իրենց նստատեղի համարը եւ այլն):Ոչ ոք այդ թուղթը նրանցից չի պահանջել, մյուս ուղեւորներից նույնպես (մեր զրուցակցի վստահեցմամբ՝ հեղ․)։ «Իրենք պիտի մեր տվյալները հավաքագրեին, որ եթե հանկարծ ինչ-որ մեկիս մոտ դրական պատասխան լիներ, շփման օղակը պարզեին։ Այսինքն՝ սա եւս ձեւական բնույթ էր կրում»,- ասաց նա։
 
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ վերը բարձրացված խնդիրներն իրենց տիրույթում չեն։ Օդանավակայանը միայն սպասարկում է տվյալ ավիաընկերություններին։
 
Զվարթնոցում այս պահին նմուշառման 16 կետ է գործում։
 
Air Cairo ավիաընկերության ներկայացուցիչ «Անռիվա Տուր»-ից հետարքրքվեցինք, թե չվերթի ընթացքում ինքնաթիռում նախքան սնունդ մատակարարելը ինչո՞ւ չեն զգուշացվել ուղեւորները, որ թեստավորվելուց առաջ ուտել պետք չէ։ Նաեւ հարցրինք, թե ավիաընկերությունը նման պայմանավորվածություն չունի՞ «Զվարթնոց» օդնավակայանի կամ առողջապահության նախարարության հետ։
 
«Անռիվա Տուր»-ից հայտնեցին, որ Air Cairo ավիաընկերությանը «Զվարթնոց» օդանվակայանից եւ ՀՀ առողջապահության նախարարությունից չի տրամադրվել որեւէ հատուկ ցուցում ուղեւորներին օդանավի մեջ սնունդ ընդունելու կամ չընդունելու մասին։ Նաեւ հավելյալ տեղեկացրին, որ Air Cairo ավիաընկերության ավիատոմսերը «Անռիվա Տուրի» միջոցով վաճառում են ՀՀ-ի բոլոր տուրիստական գործակալությունները։
 
Ընկերության վստահեցմամբ՝ ավիատոմսերը վաճառելիս բոլոր տուրիստական գործակալություններին տրամադրվում է ինֆորմացիա թեստավորման հանձնման կանոնների մասին, որտեղ նշվում է որ Covid-19 թեստը պարտադիր է ե՛ւ մեկնելիս, ե՛ւ հունվարի 11-ից սկսած՝ նաեւ ժամանելիս։ «Մի բան կարող ենք հստակ ասել, որ մեր կողմից բոլոր գործակալությունները տեղեկացված են, որ ուղեւորները պետք է Հայաստան ժամանեն վավեր թեստի արդյունքներով կամ թեստավորվեն օդնավակայանում գործող լաբորատորիաներում եւ միայն նոր դուրս գան օդանավակայանից»,- եզրափակեցին ընկերությունից։
 
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով նմուշառումները պատշաճ իրականացնելու համար հիմք ընդունելով ԱՀԿ փորձագետի 2021 թվականի խորհրդատվական այցի ժամանակ տրված ցուցումները՝ առողջապահության նախարարությունը հրահանգել է սահմանային անցակետերում նմուշառում իրականացնող կազմակերպություններին որակյալ նմուշ ստանալու համար քթից նմուշառումն իրականացնել 8 սմ խորությամբ։ Միաժամանակ, հրահանգվել է նմուշառումն իրականացնել՝ չպահանջելով նմուշառվողից նախքան այդ 2-3 ժամ սնունդ ընդունած չլինել։
 
Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք,
թե հրահանգը ե՞րբ է տրվել, ու կոնկրետ ո՞ր ամսաթվից է եղել ուժի մեջ։ Վերջինս հայտնեց, որ փորձագետի այցը եղել է փետրվարի 20-ին։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ նմուշառումից առաջ սնունդ ընդունած լինելու փաստը հաշվի չառնելու հրահանգը տրվել է դրանից հետո։
 
Նախարարությունից նաեւ հետաքրքրվել էինք, թե նմուշառման կետերում նախազգուշացում տրվելո՞ւ է, կամ գուցե այս դեպքից հետո ավելի խիստ վերահսկողություն սահմանվի։ Մեր այդ հարցերը մնացին անպատասխան։
 
Իսկ ինչ վերաբերում է ուղեւորներին զգուշացնելուն, թերթիկներ տրամադրելուն եւ այլն, նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցերը գտնվում են ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական եւ տեսչական մարմնի վերահսկողության ներքո։
 
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից մեզ հայտնեցին, որ քաղաքացիներին տրամադրվող վերոնշյալ թերթիկները (հասցեական քարտեր են) նախկինում պարտադիր էին օդային սահմանով ՀՀ ժամանող բոլորի համար։ Հունվարից 11-ից դրանք այլեւս պարտադիր չեն, պարզապես կան ավիաընկերություններ, որոնք դեռ բաժանում են թռիչքի ժամանակ։ 
 
«Այս մասով տեղեկացված է Քաղավիացիան, եւս մեկ անգամ կզգուշացնենք»,- եզրափակեցին տեսչական մարմնից։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 179 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար