Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել Ստրանջայի մրցաշարում


Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

  • 01-03-2021 12:40:47   | Բուլղարիա  |  Սպորտ

 
Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 30 երկրի շուրջ 220 բռնցքամարտիկ: 
 
Եվրոպական բռնցքամարտի ամենահին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե, 3 բրոնզե: 91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը հիանալի ելույթներ է ունեցել. նա 3 տպավորիչ հաղթանակ է տոնել և պարտվել միայն եզրափակչում:
 
Վճռորոշ մենամարտում Մանասյանը զիջել է մրցաշարը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Ռադոսլավ Պանտալևին՝ դառնալով արծաթե մեդալակիր: 63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը Չեխիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների դեմ հաղթական մենամարտերից հետո պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Պոպովին՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
 
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը (81 կգ) ևս երկու հաղթական մենամարտերից հետո պարտվել է կիսաեզրափակչում. զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Կոլսենիկովին՝ Ներսիսյանը բավարարվել է երրորդ մրցանակով:
 
+91 կգ քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանն էլ կիսաեզրափակչում պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախոդիր Յալոլովին, որը հետագայում դարձել է մրցաշարի չեմպիոն:
 
Հավելենք՝ Ստրանջայի ստուգատեսից հետո հայ բռնցքամարտիկները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին:
 
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկներից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ