Ծաղկաձորում տեղի են ունեցել Հայաստանի լեռնադահուկային սպորտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունները:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հատկապես դիտարժան է անցել երիտասարդների և պատանիների մրցաշարը. «Շատ հետաքրքիր առաջնությունն էր, որը ցույց տվեց՝ բավականին խոստումնալից պատանիներ ունենք: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ապարանի ներկայացուցիչներին: Եթե ժամանակին մրցանակային տեղեր էին գրավում միայն Ծաղկաձորի և երբեմն Վանաձորի ներկայացուցիչները, ապա այսօր մրցանակակիրների թվում են նաև Ապարանի պատանի լեռնադահուկորդները: Փառք ու պատիվ բոլոր մարզիչներին և մարզիկներին, որոնք աշխատում են քրտնաջան և խիստ ու դժվար պայմաններում: Իրենց նվիրված աշխատանքով նրանք նպաստում են մարզաձևի զարգացմանը և ուժեղ մարզական հերթափոխ ունենալուն: Հետագայում պետք է հասնենք նրան, որ Ապարանում ևս մարզադպրոց լինի՝ լեռնադահուկային սպորտով, դահուկավազքով զբաղվելու համար»:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ի տարբերություն երիտասարդների և պատանիների առաջնության՝ մեծահասակների պայքարում անակնկալներ չեն գրանցվել. «Մեծահասակների առաջնությունում ամեն ինչ քիչ թե շատ սպասելի էր: Ունենք երկու ընդգծված առաջատար՝ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը: Ուրախալի են նաև Արսեն Ղազարյանի՝ մեր ավագ տարիքի լեռնադահուկորդի մասնակցությունը և տպավորիչ արդյունքների գրանցումը: Ցավոք, աղջիկների պայքարում մարզուհիների պակաս է զգացվում, բայց ունենք լավ հերթափոխ»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Գագիկ Սարգսյանն ընդգծել է, որ պետք է հնարավորինս լավ պատրաստվեն առաջիկա վարկանիշային մրցաշարերին. «Առաջիկայում մեր երկու առաջատար լեռնադահուկորդներն Իրանում կմասնակցեն վարկանիշային մրցաշարի: Նախաօլիմպիական տարի է, ուստի առավելագույնը պետք է անենք, որպեսզի մարզիկները կարողանան բարելավել իրենց վարկանիշային միավորները և ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեն»:
Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունների մրցանակակիրները