Պատանդներն Ազգային ժողովում

04-03-2021 10:52:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց իրեն ուղղված ոչ մի հարցի, բացի մեկից: Հատկանշական է, որ այդ մեկ հարցը վերաբերում էր ընտրություններին: Այսինքն, վարչապետին հետաքրքրում է միայն մեկ՝ իշխանությունը պահելու հարցը, մնացյալը՝ ոչ: Իսկ այդ մնացյալ հարցերի մեջ էին օրինակ Սյունիքի ապագան, Արցախի վերամիավորման հարցը եւ այլն:
 
Երեկ ԱԺ-ն ուժեղ վերահսկողության տակ էր, ԱԺ դիմաց հերթական հավաքն էին անում 17 փրկարարները: Նախապես ոստիկանությունը հայտարարել էր, որ այդ հավաքին հնարավոր են սադրանքներ, թերեւս ոստիկանության բազմաքանակ ուժերի ու դիպուկահարների ներկայությունը հիմնավորելու համար: 17-ի թեկնածուն ԱԺ ներխուժելու փորձ ունի,
դրա մասին երեկ նույնիսկ հայտարարեց, այդպիսով իր մասով էլ «հիմնավորելով» ոստիկանության պահվածքը: Ինչն է հատկանշական՝ վարչապետը խուսափում է Հայաստանի համար էական հարցեր քննարկելուց, 17-ը նույնպես խորհրդարանի առաջ չի դնում նման հարցեր քննարկելու պահանջ, այլ միայն՝ իշխանության հարց:
 
ԱԺ դահլիճում ու դիմացի հատվածում այսպիսով ծավալվում է Հայաստանի իրական օրակարգից ու խնդիրներից կտրված ինչ որ գործընթաց, ոստիկանության աջալուրջ հսկողության ներքո: Կարելի՞ էր պատկերացնել մեկ այլ իրավիճակ՝ 17-ը փակում է փողոցը եւ ԱԺ-ից պահանջում քննարկել առայժմ միակ համարձակ պատգամավոր Աննա Կոստանյանի բարձրացրած երկու հարցերը՝ 1921 թ. ռուս-թուրքական արյունոտ պայմանագրի ու Արցախի վերամիավորման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն էլ գալիս է խորհրդարան, պատմում է ռուս-թուրքական համաձայնությունների եւ պատերազմի հանգամանքների, Ռուսաստանի դերի, մասնավորապես Շուշիի ու Հադրութի մասին ողջ ճշմարտությունը:
 
Դա է իրական օրակարգը: Ո՞վ չի թույլ տալիս անել դա՝ կարծում ենք պարզ է բոլորին: Վախենո՞ւմ են ներքին դիմակայության մասնակիցները բարձրացնել այս հարցերը, արտաքին համաձայնությունների, ազդեցության կամ շանտաժի տա՞կ են, թե՞ կարեւոր չեն
համարում կամ չեն հասկանում՝ էական չէ: Սակայն այդ օրակարգն է Հայաստանի միակ հնարավորությունը սուբյեկտությունը պահելու եւ Արցախի կորուստը կանխելու հարցերում:
 
Մի ամբողջ երկիր ու ժողովուրդ, խորհրդարան ու կառավարություն դարձել են Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների եւ 17 փրկարարների մոտիվացիայի պատանդը: Նրանց միջոցով արտաքին շահառուներին առայժմ հաջողվում է չեզոքացնել Հայաստանի դիմադրությունը եւ նախաձեռնությունները եւ շարունակել Հայաստանի դեմ համաձայնությունների անխափան իրականացումը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 128 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար