Գեղարքունիքի մարզպետին ներկայացվել են Գավառի 4-րդ հիմնական դպրոցի հրատապ խնդիրները


Գեղարքունիքի մարզպետին ներկայացվել են Գավառի 4-րդ հիմնական դպրոցի հրատապ խնդիրները

  • 05-03-2021 19:00:22   | Հայաստան  |  Հասարակություն

 
Այսօր աշխատանքային այցով եղա Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 
 
«Շրջեցի դպրոցում, դիտարկեցի վերանորոգված մարզադահլիճի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և ՌԴ ֆինանսավորմամբ վերջերս վերանորոգված դպրոցական ճաշարանի պայմաններն ու հնարավորությունները, եղա տեխնոլոգիայի, ռոբոտաշինության և համակարգչային դասասենյակներում, ծանոթացա տեխնիկական հագեցվածությանը և խոստացա տեխնոլոգիայի դասասենյակին առաջիկայում աջակցել տեխնիկական որոշ սարքավորումների ձեռքբերման հարցում:
 
Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենը ներկայացրեց մի շարք խնդիրներ, որոնք այսօր առաջնահերթ են դպրոցի համար և հրատապ լուծում են պահանջում: Դրանք են՝ դպրոցի տանիքի մի փոքր հատվածի վերանորոգումը, ընդարձակ մարզադահլիճի, գույքի և նոր սերնդի համակարգչային տեխնիկայի անհրաժեշտությունը:
 
Շրջայցի ավարտին անմիջական զրույց ունեցա դպրոցի մանկավարժների հետ՝ նրանց առաջարկելով ներկայացնելու այն խնդիրները, որոնց լուծումն այսօր կնպաստի կրթական ոլորտի բարելավմանը:
 
Մանկավարժները հարց բարձրացրին լաբորատոր սարքավորումների և նյութերի, երկրաչափական պատկերների, նոր համակարգչային տեխնիկայի, աշակերտների գնահատումն արդյունավետ իրականացնելու համար պլանշետների ձեռքբերման, ՆԶՊ կաբինետի որոշակի գույքի համալրման ուղղությամբ:
 
Իմ խոսքում նշեցի, որ պետության հիմքը կրթությունն է, և համատեղ լուրջ անելիքներ ունենք կրթության ոլորտում ծառացած խնդիրները լուծելու հարցում: Գործունեություն ծավալելով դպրոցում՝ նրանք առավել մոտ են կանգնած առկա խնդիրներին: Եվ որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան, ցանկալի է, որ նրանք հանդես գան առաջարկություններով և պահանջներով՝ դրանով իսկ աջակցելով մեզ:
 
Նաև համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ մի աշակերտ հանրակրթությունից դուրս չմնա։
 
Դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին առաջակեցի համատեղ քննարկել և մարզպետարան ներկայացնել դպրոցի համար կարևորագույն 10 խնդիր, հույս հայտնելով, որ դրանց զգալի մասին հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ»,- գրել է մարզպետը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play