Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցին առնչվող կոռուպցիոն քրեական գործը ուղարկվել է դատարան


Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցին առնչվող կոռուպցիոն քրեական գործը ուղարկվել է դատարան

  • 11-03-2021 13:05:56   | Շիրակի մարզ  |  Իրավունք

 
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցին առնչվող կոռուպցիոն քրեական գործը 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
 
Շիրակի մարզի դատախազությունում հաստատվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ մեղադրանքի դպրոցի տնօրեն Կ. Լալազարյանի, երկու աշխատակիցների և մեկ անձի, դատախազի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
 
Նշված դպրոցում առերևույթ կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների կապակցությամբ հարուցվել էր ընդհանուր 21 քրեական գործ, որոնցով քննությունը կատարվել է մեկ վարույթում:
 
Ինչպես արդեն տեղեկացվել է, իրականացված բազմածավալ քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ նշված դպրոցի տնօրենը, նույն դպրոցի ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալի և հիշյալ կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019 թվականների ընթացքում շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով կազմել է կեղծ փաստաթղթեր և նույն անձանց օժանդակությամբ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման և յուրացման եղանակով հափշտակել է դպրոցին հատկացված՝ ընդհանուր 6.150.222 ՀՀ դրամ գումարը:
 
Բացի այդ, երկու անձի դպրոցում աշխատանքի ընդունելու և նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու անձամբ կամ միջնորդավորված որպես կաշառք ստացել է ընդհանուր 4300 ԱՄՆ դոլար գումար: Իսկ նույն կազմակերպության 3 աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու պատրվակով նրանցից պահանջել ու որպես կաշառք, շորթմամբ անձամբ ստացել է ընդհանուր 1.310.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ դպրոցի համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով տնօրենը նրանց դրդել է կաշառք տալու փորձ կատարելուն և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպության այլ աշխատակիցների օժանդակությամբ խարդախությամբ վերջիններից հափշտակել է ընդհանուր 1.955.000 ՀՀ դրամ գումար:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Լ-ին վերջնարդյունքում առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) նախատեսված հանցանքները մեղավորությամբ կատարելու համար:
 
Կ.Լալազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, այնուհետև այն վերացվել է և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ նախկին հաշվետար Ց. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, նախկին գործավար և Անգլերեն առարկայի ուսուցիչ Մ. Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), ինչպես նաև մեկ անձի՝ Ք. Գալստյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք