Արցախում շմոլ գազից թունավորման հետևանքով 15-ամյա պատանու մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
17-03-2021 12:00:21 | Արցախ (ԼՂՀ) | Իրավունք
2021 թ. մարտի 15-ին՝ ժամը 22:10-ին, Մարտունու ՇԲՄ-ից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 21:00-ին, իրենց մոտ է տեղափոխվել 05.01.2006 թ. ծնված Տ. Ղ-ի դին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
Կատարված ստուգումներով պարզվել է, որ «Արցախգազ» ՓԲԸ Մարտունու ԱՇՏ-ի գազի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման փականագործ Վ. Գ-ն «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման» թիվ 1224 առ 25.05.2013 թ. պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական-սպասարկման ծառայությունների մատուցման մասին» համաձայնագրով պարտավոր լինելով իր լիազորությունների շրջանակներում մատուցելու սպառողների կյանքի և առողջոըթյան անվտանգության պահանջներին համապատասխանող՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, մինչև 2021թ-ի մարտի 15-ը կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 5-րդ փակուղի թիվ 31 հասցեում տեղակայված՝ Ա. Ղ-ին պատկանող առանձնատան լոգարանում տեղադրված գազի հոսքային ջրատաքացուցիչ համակարգի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, ինչպես նաև համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված ջրատաքացուցիչի ծխաօդատար ուղիների կառուցվածքներում առկա էական և ակնհայտ խախտումները, այն է՝ լոգարանում օդատար անցուղու և օդի ներհոսքի համար պահանջվող լոգարանի դռան և հատակի միջև անհրաժեշտ բացվածքի բացակայությունը բացահայտելու և դրանք վերացնելու համար, որի հետևանքով 2021 թ. մարտի 15-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Տ. Ղ-ն լոգանք ընդունելու ժամանակ օդատար անցուղու բացակայության և ծխատար անցուղու սահմանափակ քարշի պայմաններում թույլատրելի սահմանները գերազանցող կոնցենտրացիայի հասած և կուտակված ածխածնի մոնօքսիդ շմոլ գազից թունավորվել է և մահացել:
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, 16.03.2021 թ. ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:
Քրեական գործի նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: