Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
17-03-2021 17:20:09 | Հայաստան | Սպորտ
31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին, և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: