«Թուֆենկյան» եւ «Իզմիրլյան» հիմնադրամների ջանքերին շնորհիվ Մարտունու շրջանի Հերհեր, Խերխան և Ծովատեղ գյուղերի 150 ընտանիքների տրամադրվեց սննդի փաթեթներ


«Թուֆենկյան» եւ «Իզմիրլյան» հիմնադրամների ջանքերին շնորհիվ Մարտունու շրջանի Հերհեր, Խերխան և Ծովատեղ գյուղերի 150 ընտանիքների տրամադրվեց սննդի փաթեթներ

  • 18-03-2021 11:25:02   | Հայաստան  |  Հասարակություն

 Ի շնորհիվ «Թուֆենկյան» և «Իզմիրլյան» հիմնադրամների վերջերս կայացած համագործակցության Արցախի Մարտունու շրջանի երեք գյուղերում բնակող ավելի քան 150 ընտանիքներ ստացել են առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնության փաթեթներ:
 
Ադրբեջանի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում ուժեղ ռմբակոծության ենթարկվեցին Հերհերի և նրա հարակից Խերխան և Ծովատեղ գյուղերի բնակչությունը: Անցած մի քանի ամիսների ընթացքում, բուռն մարտերի հետևանքով շրջանից տեղահանված հազարավոր ընտանիքներ վերադարձել են իրենց տները, որոնցից շատերը զգալի վնասներ են կրել: Պատերազմի պատճառով բազմաթիվ գյուղացիներ նույնպես կորցրել են իրենց բերքը և չեն կարողացել պատրաստել իրենց սննդամթերքի պաշարները ձմռան համար:
 
Առաջին բաշխումը տեղի ունեցավ 2020 թ. դեկտեմբերի 25-ին: Մինչ ամբողջ աշխարհում շատերը նշում էին Սուրբ Ծննդյան տոնը, «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակիցները Միացյալ Նահանգներից մի քանի կամավորների հետ ուղևորվեցին Մարտունու շրջանի գյուղերը: Երեք գյուղերի ընտանիքներին տրվեցին սննդի հատուկ փաթեթներ, որոնք պարունակում էին ալյուր, բրինձ, հնդկացորեն, մակարոնեղեն, ձեթ և այլ հիմնական մթերքներ:
 
Կամավորներից մեկը ՝ լոսանջելեսաբնակ Տիգրան Խոտանյանը ասաց, որ գյուղացիների համար օգնությունը հասավ ճիշտ պահին: «Մարդասիրական օգնության բաշխումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ հեռավոր գյուղերի բնակիչներին օգնություն ցուցաբերողները շատ քչերն էին: Ես ուրախ եմ, որ «Թուֆենկյան»-ի և «Իզմիրլյան»-ի նման կազմակերպությունները շարունակում են իրենց ջանքերն ու էներգիան կենտրոնացնել այս վայրերում: Ուրախ եմ, որ մեր հայրենակիցների կարիքները չեն անտեսվում», - հավելեց Խոտանյանը:
 
Տարածաշրջանում բաշխումներ ևս իրականացվել են հունվարի 23-ին և մարտի 5-ին: «Իզմիրլյան» հիմնադրամի հետ մեր համագործակցության նպատակն է օգնել, որպեսզի տուժած գյուղերի բնակիչները կարողանան հաղթահարել ծանր ձմռան մարտահրավերները: Սննդամթերքի այս օժանդակությունն ձմեռվա ամիսների ընթացքում նվազեցրեց գյուղացիների ֆինանսական բեռը՝ հնարավորություն տալով նրանց հոգալ այլ անհրաժեշտ ծախսեր», - ասաց «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:
 
Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում ապրում է շուրջ 150 բնակիչ: Վերջերս այն թիրախ դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում ու երթարկվեց ծանր ռմբակոծությունների: Ըստ Ծովատեղի գյուղապետ Սամվել Աբրահամյանի, սննդի բաշխման նման ծրագրերը հնարավորություն են տալիս բնակիչներին մնալ գյուղում:
 
Խերխանի քաղաքապետ Գրիշա Կարապետյանը նույնպես շնորհակալություն հայտնեց երկու հիմնադրամներին իրենց գյուղում կատարած աշխատանքի համար: «Խերխանի դիմացկուն բնակիչների անունից կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրեցին այս նախագիծը: Խերխանի բնակիչներն ոգեշնչվեցին, երբ հասկացան, որ մեր հայրենակիցները չեն մոռացել նրանց մասին:», - բացատրեց գյուղապետը:
 
Մարդասիրական օգնության բաշխումը մի շարք նախագծերից մեկն է, որը Թուֆենկյան հիմնադրամը սկսել է իրականացնել տուժած Մարտունու շրջանում: Անցյալ ամիս Հիմնադրամը հայտարարեց, որ վերանորոգում և վերականգնում է տարածաշրջանում 13 տներ, որոնք մեծ վնասներ են կրել պատերազմի ընթացքում, ինչպես նաև զոհված եւ վիրավոր զինվորների բնակարանները: Վերանորոգման նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ:
 
Ավագյանների բազմազավակ ընտանիքը, որոնց տունը մեծ վնասներ էր կրել ադրբեջանական հրետակոծություններից, առաջի ընտանիքն էր, որը  ծրագրի շնորհիվ վերահաստատվել է իրենց վերակառուցված տանը:
 
Պատերազմից անմիջապես հետո «Թուֆենկյան» հիմնադրամը նաև օգնություն բաժանեց Գորիսում և հարակից գյուղերում՝ Արցախից տեղահանված հարյուրավոր ընտանիքներին: Երբ այդ ընտանիքները սկսեցին վերադառնալ Արցախ, մարդասիրական օգնության այլ բաշխումներ կատարվեցին Մաճկալաշեն և Խնուշինակ գյուղերում ՝ համագործակցելով Լիոնում գործող «Մեղիո» հիմնադրամի հետ:
 
Խոսելով Արցախի առավել խոցելի հատվածներում ներդրումներ շարունակելու կարևորության մասին, Րաֆֆի Դուդակլյանն ասաց, որ տարածքում ներդրումներն այժմ ավելի կարևոր են, քան երբևէ. ««Թուֆենկյան» հիմնադրամը միշտ պատրաստ է աջակցել Արցախի և Հայաստանի ժողովրդին», - ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը:
 
«Թուֆենկյան» հիմնադրամը հիմնվել է 1999 թվականին՝ ամերիկահայ գործարար ու բարերար Ջեյմս Թուֆենկյանի կողմից: Արցախին օգնելու նպատակով 2003թ. բացվում է «Թուֆենկյան» հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակը, որի միջոցով իրականացվում են ազատագրված տարածքների վերաբնակեցման, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթամշակութային և այլ ծրագրեր:
 
1990 թվականին Տիգրան Իզմիրլյանի կողմից հիմնադրված «Իզմիրլյան» հիմնադրամը մշակել և իրականացրել է տարբեր նախաձեռնություններ կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության և մշակութային ոլորտներում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն