Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ


Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ

  • 19-03-2021 11:39:13   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված  հանգամանքները:
 
«Դրանից բացի, տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում: 
 
Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Փայլակ Ֆահրադյանի հետ միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն: 
 
Ըստ Փ.Ֆահրադյանի  և Տ.Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք լրագրողներ են: 
 
Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված հրապարակումները:
 
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով:
 
Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:  
 
Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ:
 
Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը:
 
Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը:
 
Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով:
 
Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:
 
Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից:
 
Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն: 
 
Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն»:
 
 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք