Ավարտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


Ավարտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

  • 23-03-2021 12:40:16   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2019 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում գտնվող բուքմեյքերական կենտրոնի մոտ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հանդիպել է իր ծանոթ 44-ամյա համաքաղաքացու հետ: Զրույցի ժամանակ 41-ամյա տղամարդը պարզաբանում է պահանջել՝ իր որդուն հայհոյելու և քաշքշելու համար, սակայն 44-ամյա տղամարդը հայտնել է, որ նման բան չի եղել: Այնուհետև 41-ամյա տղամարդու առաջարկով քայլել են դեպի իր՝ Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում գտնվող տան բակ, որտեղ վերջինիս որդին հայտնել է, որ 44-ամյա տղամարդը նույնպես գտնվել է իրեն հայհոյողների մեջ: Դրանից հետո ծագած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ 41-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք