Շնորհակալ հովվապետի օրհնությունը. Պատերազմի նոր, «փսի» փուլը


Շնորհակալ հովվապետի օրհնությունը. Պատերազմի նոր, «փսի» փուլը

  • 26-03-2021 10:34:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանցին» Մեխակավանի (Հադրութ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ժամագլխից ազան է կանչում, 2020 նոյեմբեր: Համաձայն BBC, այժմ եկեղեցին հիմնահատակ ավերված է |

ezerk.am․ Դեռ երեկ ընդունված էր, թե հայ պետության բոլոր ինստիտուտները փտած՝ իսկ մեր Զինուժը կանգուն է սարի պես: Նույնը հայ ուղղափառ Եկեղեցին էր, իբրեւ հայկական ոգու հիմնասյուն: Առանց այդ սար ու սյան, իրոք, հնարավոր չէ խոսել ազգային կյանքի մասին: Ազգային հենարանների փլուզումը հատուկ է ոչ թե ընդամենը պարտված, այլ նաեւ ոչ կանոնավոր պատերազմական գործողությունների ենթարկված հանրություններին: Երկրի տոտալ օկուպացիայի ձեւական բացակայությունը չպիտի մոլորեցնի
 
Հիմա պիտի ցավով ընդունենք, որ թե բանակը, թե եկեղեցին կիսավեր են: Եթե չթռչող ՍՈՒ-երը եւ չպայթող Իսկանդերները ոմանց համար բավարար փաստարկ չեն, թերեւս ապացույցին թուրքական արճճի տեսքով կարող են սպասել: Եկեղեցու պարագային, դրա կարիքն էլ չկա, Արցախից եկող «եկեղեցական» լուրերը բավարար են Էջմիածնի վիճակը պատկերացնելու համար [BBC, 1]:
 
Բանակի եւ Եկեղեցու այս վիճակը մահացու վտանգ է ժողովրդի եւ Հայրենիքի համար: Ուժն ու ոգին մարմնավորող երկու կառույցներն էլ լայնորեն օգտագործվում են, այո, լայնորեն օգտագործվում թշնամու կողմից՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանդեպ սանձազերծած պատերազմի նոր, հատուկ փուլում: Այն, թեեւ հետպատերազմյան հանգամանքով, բայց վստահորեն կարելի է «փսի», հոգեբանական պատերազմ անվանել:
 
Սար բանակ
 
Իրականացվում են ոչ պատերազմական, ավելի ճիշտ, այսպես կոչված «ոչ կանոնավոր պատերազմական» գործողություններ: Արդյունքում, մասնավորապես, պարտված բանակը խանդավառությամբ է ընդունում հաղթող կողմի սպառազինության եւ ռազմագիտության անփոխարինելիության դրույթը:
 
Վարչապետին ընդդիմանալ հանդգնած սպայակույտը ամենեւին չի դիմադրում ռուսական ռազմական ջարդոնի բազմամիլիարդանոց հոսքի ծրագրերին: Փոքր ինչ նորացված նույն այն ջարդոնի, որ Լավրովյան ծրագրի համաձայն կոչված էր «ապահովել» Հայաստանի պարտությունը Արցախում: Հիմա, այս պահին, բանակում նոր պարտությունների եւ հազարավոր նոր զոհերի «հիմքերն» են դրվում:
 
Հիմնասյուն եկեղեցի
 
Թշնամական նման «օպերացիա» է իրականացվում նաեւ եկեղեցում: Խոսքը, մասնավորապես, մոսկովյան հակահայ քարոզիչների եւ դրանց տեղացի սպասավորների ընդունելության մասին է Էջմիածնում: Այսպիսով, 2021 մարտ 19-ին հաղթող կողմը պարտվողին որոշակի վարք պարտադրեց:
 
Հակահայ խմբի մուտքը երկիր պիտի արգելված լիներ ի սկզբանե: Այդուհանդերձ նրանց հայտնվելը Վեհարանում եկեղեցու որոշելիքն էր: Ընդունելությունը ծանր հոգեբանական հետեւանքներ է առաջացրել թշնամու ոտնձգությունների հանդեպ բնակչության ընդհանուր դիմադրողունակության անկման իմաստով: Էջմիածնին պարտադրած վարքը ոչ կանոնավոր պատերազմական ակտի դասական նմուշ է:
 
Խնդիրը բացի վարքայինից ունի իր բառացի բաղադրիչը: Տեսնենք Էջմիածնի արտահայտած բառացին. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքի հոգևոր կյանքի ու անխաթար աստվածպաշտության և սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը»: Այլ կերպ ասած, մեր օրհնությունը ձեզ եւ շնորհակալությունը:
 
Հակահայ մոսկովյան խումբը քարոզարշավների դրոշակակիր Սերգեյ Մարկեդոնովի գլխավորությամբ Վեհարանում: Տեղական ակադեմիական սպասարկումը հեշտությամբ ճանաչելի է |
 
Իրեն ազգային անվանող եկեղեցու եւս մեկ «ազգային» դրսեւորում, որ ուղիղ հետեւանք է իր դեմ վարվող ոչ կանոնավոր պատերազմի: ՀԱԵ երբեւե առարկե՞լ է Արցախի բացահայտ ռուսականացման դեմ: Արցախյան եկեղեցիները ֆիզիկապես ոչնչացնելը, իսկ մնացածը քաղկեդոնացման մատնելը իր շարունակությունն է ունենալու Հայաստանում:
 
Ազատ կուսակցություններ
 
Հայ Եկեղեցին, հաջորդաբար արվող իր քայլերով, միանգամայն պատրաստ է ռուսաց շահերին ցարականի օչինակով նոր Պոլոժենիով ենթարվելուն: Անշուշտ, դաշնակցային պետական նոր հարաբերությունների ձեւավորման շրջանակներում: Մեզ կբացատրեն, որ դրանից խուսափելը «համարժեք կլիներ ինքնասպանության»: Սա պատերազմի ոչ կանոնավոր, «փսի» գործողության դասական ընթացք է:
 
Նկատենք, որ բանակի եւ եկեղեցու այլասերումը ձեւական իմաստով անմիջական կապ չունի ներքին քաղաքական պայքարի հետ, որ վարում են տասնյակից ավելի «ռուսական» կուսակցությունները: Վերջինները գտնվում են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հրահանգավորման միանգամայն հրապարակային տիրույթում: Ինչու թաքցնել, չէ որ բարեկամ է: «Փսի» բարեկամ, ճշտում ենք մենք:
 
17 ընդդիմադիր, այսպես կոչված «ռուսական» կուսակցությունների հրահանգավորումը ՌԴ դեսպան Կոպիրկինի կողմից «կլոր սեղանի» միջոցօվ: Երեւան 19.03.21 |
Ոչ կանոնավոր պատերազմի եւ դրա բաղադրիչ «փսի» գործողությունների առանձնահատկությունն այն է, որ այն թափանցում է պարտված, կամ պարտության համար նախատեսված կողմի կյանքի բոլոր ոլորտները: Ողբի, անհուսության, «ռեւանշիզմի» դատապարտման, Կորուստի հետ հաշտվելու եւ օրվա խնդրով առաջնորդվելու, թշնամուն բարեկամանալու եւ նույնիսկ, ինչպես ՌԴ դեսպանը կասեր, նույնանալու քարոզը հնչում է հենց հայրենի հաստատություններից: Դիմադրությունը պիտի ադեկվատ լինի գրոհի եղանակների բազմազանությանը: Դիմադրության հաջողության առաջին գրավականը հակառակորդի ճանաչումն է, մանավանդ եթե նա լավ ծանոթ է:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play