ԱՀ ոստիկանությունը՝ Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհին հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին


ԱՀ ոստիկանությունը՝ Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհին հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին

  • 26-03-2021 18:20:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

 
Երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: 
 
«Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
 
Միջադեպից հետո Լ. Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:
 
Ըստ Լ. Բաբայանի՝ ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:
 
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին:
 
Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է:
 
Ըստ ռուսական կողմի՝ խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ, այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը»:
 
Արցախի ոստիկանություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք