Երեք տարին բավարար էր մարտի 1-ի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար. Նորայր Նորիկյան
26-03-2021 20:39:50 | Հայաստան | Իրավունք
Երբ 2018թ․ հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ /Ռոբերտ Քոչարյանի և այլ անձանց/ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը, առաջին իրավաբանն եմ եղել, որ նույն օրը, վերլուծելով ՀՀ իրավական ակտերը, հրապարակել եմ մասնագիտական կարծիք՝ արձանագրելով, որ Միքայել Հարությունյանին չի կարող առաջադրվել այնպիսի մեղադրանք, որը արարքի կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել:
Հատուկ ընդգծել էի, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է անհապաղ պարզաբանում տա Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ և հնարավորինս արագ փոփոխի մեղադրանքը:
Ավելին, ընդգծել էի, որ Մարտի 1-ի քրեական գործով որևէ այլ ենթադրյալ հանցագործի հնարավոր չէ առաջադրել վերը նշված հոդվածը հիշատակված հիմնավորումների համատեքստում:
Որպես հետգրություն, ընդգծել էի, որ ինքս ինձ համարում եմ մարտի 1-ի գործով ճշմարտության բացահայտման կողմնակիցներից մեկը, քանի որ մարտի 1-ով նաև իմ ճակատագիրն է խեղվել: Միաժամանակ, որպես փաստաբան, գտնում եմ, որ այս անկյունաքարային գործով որևէ մեկը՝ այդ թվում իրավապահ մարմինները, որևէ սխալ ու վրիպում թույլ տալու իրավունք չունեն՝ հետագա շահարկումներից խուսափելու համար:
Առիթից օգտվելով հորդորել էի Նիկոլ Փաշինյանին այս գործի նկատմամբ ցուցաբերել իսկապես բացառիկ ուշադրություն՝ ընդգծելով, որ սա մեր ժողովորդի ողբերգությունն է, և մենք բոլորս պարտավոր ենք որևէ վրիպում թույլ չտալ այս հարցում...
Այս հրապարակումից հետո հաջորդ օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը հայտարարեց, թե «Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով»։
Այս ժամանակահատվածում ես մշտապես պնդեցի, որ պետք է փոփոխվի մեղադրանքը, և մարտի 1-ի գործով ենթքադրյալ հանցագործներին պետք է առաջադրվի այլ մեղադրանք։ Լսող չեղավ։
Հիմա, երբ արդեն գործ ունենք կատարված փաստի հետ, ուզում եմ ընդամենն արձանագրել, որ 2018թ․ մինչ օրս գործող իրավապահ համակարգն ամբողջությամբ տապալեց մարտի 1-ի գործը և կոռուպցիայի դեմ պայքարը։
Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ եմ արել՝ ընդգծելով, որ իրավապահ համակարգն ամբողջությամբ սաբոտաժ է անում։
Մեծամտությունը, որևէ մեկին չլսելու փառասիրությունը դարձավ գործող իշխանության աքիլեսյան գարշապարը։
Նիկո՛լ, երեք տարին բավարար էր մարտի 1-ի հանցագործներին, Հայաստանի բոլոր ժամանակների կոռուպցիոնիստներին, բանդիտներին, մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու համար։
Հուսով եմ՝ որ գոնե հիմա կխոստովանեք, որ տապալել եք այս գործընթացքը՝ կրելով դրա քաղաքական պատասխանատվությունը։
Ասողին լսող էր պետք։ Իսկ ես Ձեզ հրապարակայնորեն եմ զգուշացրել․․․
Հ․Գ․ Մեկնաբանություններում հրապարակում եմ վերը նշված մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև մամուլի որոշ հրապարակումներ։