Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց<br /> 0,25%-ով եւ սահմանեց 7%<br />


Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց
0,25%-ով եւ սահմանեց 7%

  • 14-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվարի 13-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7%: Ըստ ՀՀ ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության, 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է ընդամենը 0,1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է 1,4%-ով եւ կազմել 5,2%: Գնաճի նպատակային թիրախային ցուցանիշն ապահովվել է: ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ պայմանավորված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կրճատման պահպանվող միտումներով 2008թ.-ի դեկտեմբերին արտաքին գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ: Այս զարգացումները շարունակել են արտահայտվել պարենային եւ ոչ պարենային ապրանքների ներքին շուկաներում` հանգեցնելով ընդհանուր գնաճի տեմպերի էական նվազման: Ըստ ԿԲ-ի խորհրդի, չնայած արտաքին եւ ներքին հետագա զարգացումներում առկա անորոշություններին, համաշխարհային պահանջարկի կրճատման հետեւանքով ձեւավորված արտաքին գնանկումային միջավայրը եւ վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա պահպանվելու է նաեւ կանխատեսվող ժամանակահատվածում, որի պարագայում գնաճի տեմպերի նվազումը կրելու է շարունակական բնույթ: Այս պարագայում ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտել շարունակել դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականությունը` նպաստելով երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի պահպանմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն