Քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության հանգամանքները
29-03-2021 17:06:43 | Հայաստան | Իրավունք
2021 թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայանից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին տղամարդու դիակ կա:
Կատարված դեպքի վայրի զննությամբ վերոհիշյալ հասցեում բերանքսիվայր դիրքով հայտնաբերվել է նույն շենքի 25-ամյա բնակչի դիակը՝ կրծքավանդակի թիկնային շրջանում մեկ կտրած-ծակած թափանցող վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: